«Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել ԵՄ երկրների հայկական արտադրության սառեցված ձուկ եւ վերամշակված ձուկ, ինչպես նաեւ ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ։ Դա 2025 թվականին էր, եւ 2026 թվականին, ըստ էության, եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին փոխանցեց, թե ինչպիսի ընթացակարգեր ու ինչպիսի պահանջներ են պետք։ Այս ընթացքում բավականին աշխատանք է արվել, եւ այսօր մենք այդ աշխատանքն, ըստ էության, ավարտում ենք»,- կառավարության այսօրվա նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Կառավարությունն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու եւ առողջության սերտիֆիկատ տալու կարգը հաստատելու մասին, ինչպես նաեւ Եվրոպական միության առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին կամ ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին որոշումները։
Պապոյանն ասաց, որ սա ռազմավարական կարեւոր քայլ է դեպի ԵՄ շուկա հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին եւ պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ։
«ԵՄ երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է հանդիսանում ձկնաբուծական տնտեսությունների կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններ, կամ ձկնամթերքի պահպանումն իրականացնող կազմակերպությունների՝ ԵՄ առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցված լինելը, ինչպես նաեւ ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։ Համաձայն ԵՄ օրենսդրության՝ այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից։ Մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանել ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ եւ միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ։ Այսինքն՝ մենք վերցրել ենք այն ընթացակարգը, ինչը ԵՄ-ում կա եւ ամբողջապես տեղակայել ենք հայկական իրականության մեջ։ Ուզում եմ նաեւ ուրախությամբ նշել, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով արդեն իսկ փաստացի 5 ընկերություն ցուցաբերել է հետաքրքրություն եւ սպասում է մեր որոշմանը։ Այսինքն՝ այն ստանդարտները, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին, այս պահին արդեն 5 ընկերություն ներդրել է։ Եվ այս որոշումների ընդունմամբ այդ ընկերություններին հնարավորություն կտրվի արդեն սկսել ձուկ եւ ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից, դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը։ ԵՄ ստանդարտների ներդրումը նաեւ կխթանի տեղական արտադրության արդիականացումը եւ կբարձրացնի սննդամթերքի անվտանգությունն ընդհանուր մակարդակում»,- նշեց Պապոյանը։
Կարդացեք նաև
Նա ներկայացրեց նաեւ ընթացակարգերը, որոնցով պետք է անցնեն տնտեսվարողները՝ ԵՄ արտահանում իրականացնելուց առաջ։
Մանրամասները՝ տեսանյութում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց․ «Ենթադրենք՝ հիմա մենք փաստաթղթային շրջանառության խնդիրը ԵՄ հետ լուծեցինք ու ստացանք կոդ, բայց ապրանքի հետագծելիության խնդիրը մենք չենք լուծել, դրա համար մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ այդ խնդրի հետ։ Ես հասկանում եմ, թե ինչու, որովհետեւ այդ կոդը ենթադրում է, որ այդ ապրանքը պետք է կապարակնքվի այդ կոդով եւ այդ կապարակնիքով անցնի ԵՄ սահմանը, որը մենք ոչ մի կերպ չենք անում։ Մենք կապարակնիքների հարցն այդպես էլ չլուծեցինք, եթե շարունակենք չլուծել, ես կարծում եմ, որ անկախ մեր բոլորիս եւ ձեր ջանքերից, մենք խնդիրը չենք լուծելու։ Երբ ես լսում եմ հանրային քննարկումները եւ մեր բեռնափոխադրողների մարշրուտի փոփոխության ռիսկերը, որոնք իրենք ներկայացնում են, հասկանալի է դառնում, որ հիմնական պրոբլեմը մեր ապրանքների հետագծելիությունն է։ Եթե այդ կոդի տակ մաքսավորը չի տեսնում էլեկտրոնային կապարակնիք, ինքը միանգամից իրավունք ունի ենթադրել, որ այնտեղ ոչ թե ձուկ է, այլ, օրինակ, հավ, ինչը ենթադրում է, որ հավելյալ զննության գործառույթ պետք է իրականացնի։ Իսկ այդ պարագայում եւ բիզնեսի, եւ բեռնափոխադրողների համար անորոշության սպեկտորը մեծանում է, իսկ այդ անորոշությունը ծախս է»։
Մհեր Գրիգորյանը նշեց, որ այդ խնդիրները պետք է շատ արագ լուծել։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































