Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Հակոբկոխյան. «Դրսի ընկերներս զանգում, հարցնում են. «Ինչ է, ձեր մոտ էլ սպորտսմեն չկա՞»

Հուլիս 16,2026 16:14 Share

«Խոսելը իմ գործը չի։ Լեզուս չի հասցնում մտքիս հետեւից։ Բայց ասեմ, որ վերջին օրերին այնքա՜ն զանգեր ստացա դրսի իմ սպորտսմեն բարեկամներից՝ էլ Ուզբեկստանից, էլ Ղազախստանից, էլ Ռուսաստանից, որ ամոթից չգիտեի՝ ինչ անեմ»,-ասաց լեգենդար բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով ՀԱՕԿ նախագահ, գործարար եւ բարերար Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։

«Ախր ես Գագիկ Ծառուկյանի հետ մտերիմ էլ չեմ եղել։ 2000 թվականից, ինչ հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունը կատարելուց հեռացել եմ, Ծառուկյանի հետ շփում էլ չեմ ունեցել։ Ուղղակի դրսի իմ ընկեր մարզիկները ինձ հարց են տալիս, ասում են՝ լավ, մենք ճանաչում ենք Գագոյին, գիտենք, որ 2000 թվականից հետո ինքն է օլիմպիական կոմիտեի նախագահը եղել։ Ու այնքա՜ն բան է արել թե մարզիկների, թե սպորտի համար։ Օտարերկրյա մարզիկներն էլ որ եկել ու մի հարցով դիմել են, ինքն իր հնարավորություններից մի բան էլ ավելի անպայման օգնել է։

Հիմա ես մի քիչ ամաչում էլ եմ, որ նախկինում մարզիկ եմ եղել, որովհետեւ ո՞նց կարելի է մոռանալ։ Քանի՞ օլիմպիական ու աշխարհի չեմպիոն տղերք կան։ Տուն է տվել, ավտո է տվել, գումարով է օգնել։ Բացի դա, մի վնասվածք են ունեցել՝ ուղարկել է Գերմանիա, Ֆրանսիա, ամենալավ հիվանդանոցները, որ վնասվածքները բուժեն, գան ու սպորտով իրենց ազգը ներկայացնեն։

Դրսի ընկերներս հարցնում են. «Ինչ է, ձեր մոտ էլ սպորտսմեն չկա՞, տղամարդ սպորտսմեն չի մնացե՞լ։ Ո՞նց են կարողանում այդպես։ Շակալներ են լինում է, որ առյուծների վրա հարձակվում են հազար կողմից։ Մի լավ ըմբիշ բարեկամ ունեմ Ռուսաստանից։ Զանգել, ասում է, թե մենք այդ ամենը տեսաձայնագրել ենք։ Ու նա, ով թիկունքից ոտքից քաշում էր, հաստատ մի երկու օր ըմբշամարտ է պարապել։ Ու Գագոն երեւի դրան պարգեւատրած էլ կլինի։ Բայց դրանք չեն հասկանում, որ Երկիր մոլորակն այնպես է ստեղծվել, որ սկիզբ ունի եւ ավարտ էլ ունի։ Ու իրենցից պահանջելու են։ Ինչպես տղայիս գործից հանեցին, որ Հակոբկոխյան է։ Չեն հասկանում, որ վաղը, մյուս օր այս ամենը բարձրանալու է ջրի երես ու իրենց երեխաների աչքերին ո՞նց պետք է նայեն։

Կենդանասերնե՞րը բա ուր են։ Մի շան քարով խփել էի, գնացել ոստիկանություն բողոք էին գրել։ Այդ բացառիկ սպիտակ առյուծին սատկացրին, որ ցավ պատճառեն։ Դրանով միայն Գագոյին չեք ցավ պատճառել։ Ոնց նայում եմ, այսօրվա մեր ղեկավարությունը վիզ դրած ցավ է ուզում պատճառել հայազգի մարդկանց։։

Կրկնում եմ, ես ահավոր ցավ եմ ապրում։ Աշխարհի, օլիմպիական չեմպիոններ կանգնում հպարտանում էին, այնտեղից էլ ասում. «Պարոն Ծառուկյան, այս մեդալը՝ ծնունդիդ նվեր»։ Ու այսօր ոչ մեկը չի կանգնում, ձայն չի հանում։

Լավ, Գագոյի մասին չեք խոսում, վախենում եք Գագոյի անունը տալ։ Բա վաղը, մյուս օր որտե՞ղ պետք է պարապեք, որ գնաք հայ ազգին ներկայացնեք։ Ամբողջ աշխարհից գալիս են, որ Օլիմպավանում մարզվեն, այսօր բռնել՝ փակել են։ Այ հայ մարզիկներ, որ դուք Գագոյի մասին չեք մտածում, ընդունում եմ։ Բա ձեր մասին է՞լ չեք մտածում»,-ասաց Իսրայել Հակոբկոխյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել