Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատցեմենտ»-ը պետականացնելու մասին չի տեղեկացվել Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը, որոշումը չի տրամադրվել. Երեմ Սարգսյան

Հուլիս 16,2026 16:40 Share

Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի Հանրապետությունում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր:

Քաղաքական իշխանությունը ամեն անգամ հրապարակային հայտարարում է որևէ անձի նկատմամբ սկսվելիք քրեական և այլ գործընթացների վերաբերյալ, որից հետո ամբողջ իրավապահ համակարգը, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, սկսում են այդ քաղաքական հրահանգի իրականացումը։

Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով, հստակ հայտարարվել է քրեական գործընթացների, նրան կալանավորելու, քրեակատարողական հիմնարկում պահելու, նրա սեփականությունը խլելո՛ւ, այդ թվում՝ «Արարատցեմենտ»-ը պետականացնելու վերաբերյալ, կառավարիչ նշանակելու վերաբերյալ, որը որ ամենօրյա ռեժիմով ամբողջ իրավապահ համակարգը հստակորեն կատարում է։

Ընդ որում, դրանում ներգրավված են նույնիսկ իբր անկախ համարվող դատարանները։

Հետո իրար հերթ չտալով հայտարարում են, թե իբրև դրանք զուտ իրավական գործընթացներ են։

Սակայն չի կարող այնպես լինել, որ այդ ամեն ինչը համընկնի, այսինքն՝ եթե այդ գործընթացները պետք է տեղի ունենային, պետք է տեղի ունենային անկախ քաղաքական իշխանության հրահանգների, հրապարակային հայտարարությունների։

Իսկ առկա իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը գործում է բացառապես քաղաքական նպատակներով՝ քաղաքական իշխանության ցանկությունները իրագործելու համար և նրանց քաղաքական ռեյտինգը բարձր պահելու համար։

Հայտարարվեց, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տալու, որ լքի երկիրը, թույլ չտվեցին՝ դատախազությունն ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացրեց և բացակայելու արգելք կիրառվեց։ Հետո այդ մեղադրանքը հենց իրենք հաստատեցին, որ ակնհայտ ապօրինի էր։

Հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանը ընտրություններից հետո պետք է բանտում հայտնվի՝ անմիջապես նրան ձերբակալեցին, կալանավորեցին, և ներկայումս նա քրեակատարողական հիմնարկում է։

Հայտարարվեց, որ Արարատցեմենտը պետք է պետականացվի և կառավարիչ պետք է նշանակվի՝ այսօր արդեն հրապարակում եղավ, որ դատախազության միջնորդությամբ հակակոռուպցիոն դատարանը նման որոշում է կայացրել։ Որոշման մասին ընդհանրապես չի էլ տեղեկացվել Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը, այդ գործընթացների մասին որևէ տեղեկություն չի հայտնվել, ներկայում էլ որոշումը չի տրամադրվել։

Այս ամենն ուղիղ վկայությունն է այն բանի, որ նախքան քաղաքական իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները նման գործընթացներ անելու կարիք չկար, հայտարարություններից հետո հանկարծ ամբողջ իրավապահ համակարգը արթնանում է և պարզվում է, որ զուտ իրավական առումով նման գործընթացներ պետք է կատարվեին։

Օրենքի և իրավունքի մասին խոսելն ուղղակի ավելորդ է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել