Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը պահանջում է Վալերի Օսիպյանից վերադարձնել Ոստիկանության նվիրած Ծաղկաձորի բնակարանը

Հուլիս 17,2026 11:25 Share

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ենթադրյալ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով դատական նիստում այսօր հանրային մեղադրողը միջնորդեց թույլատրել փոխել հայցի առարկան և հիմքը։

Ըստ հանրային մեղադրողի՝ ՆԳՆ-ից ստացվել է տեղեկություն անշարժ գույքի նվիրատվության վերաբերյալ։ Ստացված նոր տվյալները ներառվել են հայցի հիմքում և հաշվարկներում, ինչի հետևանքով առաջացել է հայցի հիմքն ու առարկան փոխելու անհրաժեշտություն։

Մասնավորապես, դատախազությունը պահանջում է բռնագանձել Վալերի Օսիպյանի ՝ Կենտրոն վարչական շրջանի Բուզանդ փողոցում գտնվող անշարժ գույքը կամ դրա միջին շուկայական արժեքը, ինչպես նաև մինչև դատարանի վերջնական ակտի օրինական ուժի մեջ մտնելը այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը, Նուբարաշենում գտնվող բնակարանի 2/5-րդ բաժնեմասը, Ծաղկաձորում գտնվող բնակարանը կամ դրա անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը, ինչպես նաև «Ակբա» բանկում առկա 16 320 ԱՄՆ դոլարի ավանդը։ Հայցում ներառվել է նաև 48 միլիոն 891 հազար դրամի պահանջ, որը, ըստ հանրային մեղադրողի, չի հիմնավորվում օրինական եկամուտներով։

Հանրային մեղադրողը նշեց, որ 2015 թվականին ոստիկանության և Վալերի Օսիպյանի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որի հիման վրա Ծաղկաձորի բնակարանը փոխանցվել է Օսիպյանին։

Նա ասաց, որ կատարվել է իրավական հիմքերի ուսումնասիրություն, ՆԳՆ-ից ստացվել են համապատասխան տեղեկությունները, ոստիկանապետի հրամանը և նվիրատվության պայմանագիրը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նվիրատվությունը չի բավարարել իրավական չափանիշներին։ Ընդունված են կառավարության որոշումներ, որոնք սահմանում են, թե որ դեպքերում կարող են զինծառայողներին կամ իրավապահ համակարգի ծառայողներին անհատույց նվիրատվություններ կատարվել։

Վալերի Օսիպյանի ներկայացուցիչը նշեց, որ ապօրինի ծագման գույք է համարվում այն գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Տվյալ դեպքում Ծաղկաձորի գույքը ձեռք է բերվել պետության կողմից անհատույց նվիրատվության պայմանագրի հիման վրա։

Պատասխանող կողմը հարց բարձրացրեց, թե եթե նույնիսկ նվիրատվության գործընթացում խախտումներ են եղել, դա ինչ նշանակություն ունի գույքն ապօրինի ծագում ունեցող համարելու տեսանկյունից։

Ի պատասխան՝ հանրային մեղադրողը նշեց, որ քանի որ հայցը ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, նվիրատվության իրավաչափությունը, ըստ ձևավորված դատական պրակտիկայի, պետք է գնահատման առարկա դառնա։ Նրա խոսքով՝ քիչ չեն դեպքերը, երբ անհատույց գործարքներ են կատարվում կամ անձինք նվերներ են ստանում՝ դրանց իրական աղբյուրը կամ այն հանգամանքը, որ դրանք փաստացի ձեռք են բերվել վճարովի հիմունքներով, քողարկելու նպատակով։

«Մենք չգիտենք, թե ինչ պայմաններում և ինչի համար է անձը ստացել այդ բնակարանը, հատկապես եթե ծառայողական անհրաժեշտություն չի եղել, քանի որ, ըստ էության, անձը դրա կարիքը չի ունեցել»,- նշեց հանրային մեղադրողը։

Դատարանը որոշեց միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել առանձին դատական ակտով։ Պատասխանող կողմը խնդրեց տրամադրել երկու ամիս ժամանակ՝ հանրային մեղադրողի ներկայացրած նոր հաշվարկներին և հայցի փոփոխված հիմքին ու առարկային ծանոթանալու համար։ Դատական նիստը հետաձգվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031