«Մոսկվա» կինոթատրոնում երեկ կայացավ ֆրանսիացի ռեժիսոր Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որտեղ Ֆրանսիայի հերոս գեներալ Շառլ դը Գոլի դերում ֆրանսահայ դերասան, Մոլիերի, Սեզարի եւ այլ մրցանակների ասպետ Սիմոն Աբգարյանն է: Ավելի վաղ ֆիլմը ցուցադրվել էր Կաննի կինոփառատոնում ու մեծ արձագանքների արժանացել։
1940 թվականին, երբ մի ամբողջ երկիր հանձնվեց նացիստական չարիքին, մեկ մարդ որոշեց շարունակել պայքարը։ Դը Գոլի մասին ֆիլմը երկմասանի էպոպեա է, որտեղ տեսնում ենք գեներալ դը Գոլի կայացումը եւ այն, թե ինչպես մեկ մարդու չհանձնվելու կամքը կարող է ոգեշնչել հազարավորներին՝ փրկելու հայրենիքը բռնատիրությունից։
Անտոնեն Բոդրիի ֆիլմը ֆրանսիական կինոյի պատմության ամենաթանկարժեք աշխատանքներից մեկն է, որտեղ մեծ նրբանկատությամբ վերարտադրվել են Երկրորդ աշխարհամարտի տարիների Ֆրանսիան եւ զանազան ճակատամարտերը, որոնց մասնակցել են գեներալ դը Գոլի ֆրանսիացի մարտիկները՝ ազատության վերանվաճման ճանապարհին։
Կարդացեք նաև
Ֆիլմի ցուցադրությունից առաջ, որին, ի թիվս այլոց, ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով՝ համաշխարհային թատերարվեստում եւ կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի, հայկական մշակույթը միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնելու, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացմանն ուղղված երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն էլ Սիմոն Աբգարյանին հանձնեց «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։
Սիմոն Աբգարյանն ասաց, որ ուրախ է մաս կազմել այս գեղեցիկ փառատոնի։
Ապա կատակով ավելացրեց. «Ոչ մեկին փող չեմ տվել»։ Նա խոսեց դիմադրության մասին, ասաց, որ հավատում է դիմադրության ուժին, հետեւաբար պետք է դիմակայել ու դիմադրել։
Հատուկ ֆիլմի ցուցադրության առիթով Երեւան էր ժամանել նաեւ ֆիլմի ռեժիսոր Անտոնեն Բոդրին։ «Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Սա առաջին երկիրն է Ֆրանսիայից բացի, որտեղ ցուցադրելու ենք այս ֆիլմը, ինչը շատ հուզիչ է ինձ համար։ Երկու ֆիլմերը, ես կասեի, եւ՛ կատակերգական են, եւ՛ ողբերգական, բայց ձեզ թույլատրվում է նաեւ ծիծաղել որոշ դրվագներում։ Սա հիմնականում այն մասին է, թե ինչ է տեղի ունենում, երբ գիտակցում ես, որ երկիրդ կորսված է։ Դը Գոլի երազանքներն ավելի շատ էին, քան այն տխուր իրականությունը, որին նա բախվում էր։ Եվ հավանաբար սա հենց դիմադրությունն է՝ ի տարբերություն տոկունության կամ վերականգնվելու ունակության, ինչպես Սիմոնը ձեւակերպեց քիչ առաջ։
Երկու պատճառ կա, թե ինչու եմ այնքան երջանիկ՝ այս ֆիլմը Հայաստանում ցուցադրելու համար։ Առաջինն այն է, որ դուք գիտեք, թե ինչ է նշանակում դիմադրություն։ Երկրորդ պատճառը, իհարկե, Սիմոնն է»,- ասաց Անտոնեն Բոդրին։
Նա նաեւ մի անեկդոտ պատմեց. «Պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Ռուզվելտը որոշեց, որ ցանկանում է, որպեսզի Դը Գոլի մասին ֆիլմ նկարահանվի։ Նա զանգահարեց իր լավագույն ընկերներից մեկին, ով Warner-ի ղեկավարն էր, եւ խնդրեց Դը Գոլի մասին ֆիլմ ստեղծել։ Warner-ի ղեկավարն էլ զանգահարեց մի երիտասարդ գրողի՝ Ուիլյամ Ֆոլքներին եւ ասաց նրան. «Սցենար գրիր Դը Գոլի մասին»։ Ուիլյամ Ֆոլքները սցենարի մի քանի տարբերակներ գրեց, ես կարդացել եմ, դրանք այնքան էլ լավը չէին։ Նա ասաց՝ շատ լավ գաղափար է դիմադրության մասին ֆիլմ նկարահանելը, բայց պետք է բացառենք Դը Գոլին որպես կերպար, նա չպետք է լինի որպես հերոս ֆիլմում։ Իսկ պատճառն այն էր, որ երբեք չենք գտնի մի դերասանի, ով կկարողանա մարմնավորել նրան։ Այսպիսով, երբ ես սկսում էի այս նախագիծը, գիտեի, որ սա բավականին բարդ մարտահրավեր էր՝ գտնել ճիշտ Դը Գոլին։ Եվ Սիմոնն ակնհայտ ընտրություն էր, եւ կարծում եմ՝ նա բոլոր ֆրանսիացիներին, իմ ողջ ժողովրդին տվեց այն պատկերացումը, թե իրականում ով էր Դը Գոլը»։
Նշենք, որ «Ոսկե ծիրանի» բացման արարողությունից առաջ Սիմոն Աբգարյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով իր կերպարի մասին, նշել էր, որ Դը Գոլի մասին ֆիլմն ազատության, հպարտության, պայքարի, մարդկության, հերոսության, հայրենիքի հանդեպ սիրո մասին է, իսկ Շառլ դը Գոլն այն մարդն էր, որն իր երկրին վերադարձրեց պատիվը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ






















































