Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից

Հուլիս 20,2026 21:12 Share

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հրաժարվել է մանդատից.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Նախորդ տարվա մեր պետականության հակաիրավական ու ամոթալի շրջափուլում, երբ քաղաքական իշխանությունն իրեն հակասահմանադրական միջամտություններ թույլ տվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, «Մեր ձևով» հասարակական շարժումը, այնուհետև՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ հայ մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, մտան անհավասար քաղաքական պայքարի մեջ՝ դառնալով այն հույսի շողն ու շարժիչը, որի շնորհիվ չընկրկեցինք։

Լինելով վերջին տարիների բոլոր ընդդիմադիր շարժումների ակտիվ աջակիցն ու մասնակիցը, բնականաբար՝ այս դեպքում ևս անմասն չէի կարող լինել՝ ստանձնելով իմ բաժին անձնական ու քաղաքական պատասխանատվությունը։ Բայց այս ճանապարհն ինձ համար ունեցավ ճակատագրական բնույթ❕

Երբևէ չլինելով որևէ կուսակցության կամ քաղաքական միավորի անդամ՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի հիմնադրած այս արժեքահեն ու հայրենասեր ընտանիք-թիմի մասնիկը դառնալը կյանքիս լրջագույն, պատասխանատու ու սկզբունքային որոշումներից մեկն էր։

Այս դժվարին ամիսներին մենք մղել ենք անձնուրաց ու նվիրյալ պայքար։

Ինձ համար մեծագույն պատիվ ու ձեռքբերում է ճանապարհ ընկնել բազմահազար հայրենասեր, քաջ ու ուժեղ թիմակիցներիս հետ։

Վստահ եմ՝ շատերդ Ձեզ կգտնեք այս տողերում։

Այս կարճ ժամանակահատվածում՝ լինելով ընդամենը մի քանի ամսական քաղաքական ուժ, մենք արժանացանք հարյուր հազարավոր հայրենատեր ու գիտակից մեր հայրենակիցների վստահությանը, ինչը, միաժամանակ, մեծագույն պատասխանատվություն է։ Եվ սա այն պայմաններում, երբ մեր առաջնորդ Սամվել Կարապետյանի մասնակցությունը նախընտրական քարոզչությանը խոչընդոտվեց, իսկ մեր ուժը քաղաքական հետապնդումների թիրախում էր։

✅ Մեկնարկում է խրթին, բայց արժեքահեն պայքարի նոր փուլը՝ բազմավեկտոր անելիքներով։

«Ուժեղ Հայաստանը»-ը ծավալելու է թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական փոխլրացնող գործունեություն❕

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հետագա քաղաքական-հասարակական գործունեությունս կենտրոնացնելու եմ հետևյալ հիմնական ուղղությունների վրա.

1️⃣ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ինստիտուցիոնալ կայացում❕

Այսօր մեր երկրին առավել, քան երբևէ, անհրաժեշտ են սկզբունքային քաղաքական ուժեր, որոնք առաջնորդվում են ոչ թե անձնական կամ խմբային շահերով, այլ՝ պետական մտածողությամբ և ազգային պատասխանատվությամբ։

Վստահ եմ, որ ուժեղ և կայացած կուսակցական ինստիտուտներն են երկարաժամկետ փոփոխությունների և կայուն պետականության հիմքը։

2️⃣ Ընտրությունների վերահսկողություն և ինստիտուտների զարգացում❕

Գերակա եմ համարում ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց պատշաճ վերապատրաստումը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ վարչական ռեսուրսի չարաշահմանը հակազդող նոր գործիքակազմերի ուսումնասիրումն ու կիրառումը։

2026 թվականի հունիսի Ազգային ժողովի ընտրություններն աչքի ընկան ընտրախախտումների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման նոր մասշտաբով (ինչն, ի դեպ, արձանագրվեց նաև այսօրվա իշխանությունների կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կողմից)։

3️⃣ Քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց օրինական շահերի պաշտպանություն և իրավական աջակցություն։

Մենք ունենք ապօրինաբար ազատազրկված գաղափարակից ու հայրենասեր հայերի և թիմակիցների օրակարգ։ Բացի այդ, ի տարբերություն քաղաքական բանտարկությունների դեմ մղվող պայքարի, հաճախ անտեսված են մնում քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից զրկված մեր հայրենակիցների իրավունքները։ Այսուհետ՝ համահիմնադրածս «Ջի Էմ Լեգալ» փաստաբանական գրասենյակն գործունեություն կծավալի նաև քաղաքական պատճառներով աշխատանքից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

4️⃣ Հանրային հաշվետվողականության ինստիտուտների վերակենդանացում։

5️⃣ Սոցիալ-տնտեսական խնդիրների գույքագրում, համակարգային լուծումների մշակում։

Շարունակելով մնալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ՝ լիակատար աջակցությունս եմ հայտնում մեր առաջնորդ, շուրջ 400 օր ապօրինի ազատազրկված ազգային բարերար ու աննահանջ հայրենասեր Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանին, «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և մեր մեծ թիմին։

Խորին երախտիքս՝ ուժեղ ու վառ հայրենակիցներիս, ընտանիքիս՝ այս ծանր ճանապարհն անտրտունջ հետս կիսելու համար, հարազատներիս, ընկերներիս, ովքեր նվիրաբար կողքիս էին։ Ես անհաղթ եմ Ձեզնով։

Եվ վերջում՝ «Ուժեղ Հայաստան»-ը պարզապես անվանում կամ բառակապակցություն չէ։ Այն մեր սերունդների հանդեպ տված խոստումն է, մեր հավատն ու տեսլականը և այն նպատակը, որի համար պատրաստ ենք աշխատել անխոնջ ու պատասխանատվությամբ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել