Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ընտրովի արդարադատություն է, արդյունքն այսպիսին է. Շիրինյանը հիշեցրեց Խաչատուր Սուքիասյանի եղբոր կրակոցները

Հուլիս 20,2026 23:01 Share

«Իրավապահ մարմիններն արդեն ութ տարի կլինի՝ պաշտպանում են միայն Նիկոլ Փաշինյանին։ Երբ նա տեղաշարժվում է, հազարավոր ոստիկաններ տեղաշարժվում են, որ ապահովեն նրա անվտանգությունը։ Դա նշանակում է, որ այդ ոստիկաններն իրենց հիմնական աշխատանքից կտրված են, իսկ իրենց հիմնական աշխատանքը հանցագործությունների նախականխումն ու կանխարգելումն է։ Տվյալ պարագայում ոստիկանները նախականխման ու կանխարգելման աշխատանքներով չեն զբաղվում կամ զբաղվում են շատ մասնակի, որովհետև իրենց հիմնական գործառույթներից արդեն իսկ կտրված են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության գնդապետ, հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով վերջին ընթացքում իրար հաջորդող  սպանություններին, դանակահարություններին և այլ ծանր հանցագործությունների պատճառներին։

Շիրինյանը հիշում է, որ 90-ականներից, երբ ոստիկանության համակարգում է ծառայել, չի տեսել այսպիսի իրավիճակ, որ ոստիկաններն այսքան ծառայություն մատուցեն իշխանությանը՝ իրենց հիմնական գործառույթները թողնելով. «Երկրի ղեկավարը, այսպես կոչված, հանգստանում է, ու իր հանգիստն ապահովելու համար հազարավոր ոստիկաններ են շուրջբոլորը։ Տեղաշարժվում է՝ հազարավոր ոստիկաններ փողոցներն են փակում»։

Իրար հաջորդող, չկանխարգելված ծանր հանցագործությունների ֆոնին պարգևատրումները ուժային կառույցներին Շիրինյանի համար աննախադեպ են. «Բնականաբար, երբեք ոստիկանությունն այսքան շռայլ պարգևատրումներ չի ստացել, երբեք այսքան լավ պայմաններում չի եղել։ Բայց դա մի միտում ունի դարձյալ՝ ամեն ինչ անել ոստիկանների համար, որ նրանք կարողանան ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար։ Բայց հասարակության անվտանգությունն ապահովելու համար վաղուց ոստիկանությունը ոչինչ չի արել, ու ավելին պահանջել դժվար թե կարելի է ոստիկանությունից»։

Սայաթ Շիրինյանը դժվարացավ մտաբերել, թե նախկինում այսքան առատ ու չկանխարգելված ծանր հանցագործություններով տարի երբ էր եղել. «Դժվարանում եմ մտաբերել, որ այսպիսի լարված իրավիճակ հասարակության մեջ եղել է։ Բայց մեզ մոտ հիմա բոլոր իրավիճակներում, բոլոր ոլորտներում լարված իրավիճակ կա… Նախկինում եղել են դեպքեր, երբ դրսում եղած իրենց ռազբորկաները բերել հասցրել են Հայաստան, ու այստեղ հանգուցալուծում է ստացել, բայց դա Հայաստանին վերաբերող խնդիր չէր, ու որևէ ոստիկան չէր կարող իմանալ, թե, օրինակ, Վոլգոգրադում ինչպիսի պարտք ու պահանջ ունեն մարդիկ, ու այդ հանգուցալուծումը բերելու են Հայաստանում ավարտեն։ Իսկ հիմա այստեղ է՝ փողոցում է կատարվում հանցագործությունը։ Մարդիկ կարող են զենքով խփել ու կարճ ժամանակ անց հայտնվել ազատության մեջ, ինչպես Խաչատուր Սուքիասյանի եղբայրը։

Տարիներ առաջ օրը ցերեկով հանեց, կրակեց ինչ-որ մեկի վրա ու ազատության մեջ է։ Երբ ընտրովի արդարադատություն է իրականացվում, արդյունքն այդպիսին է լինելու։ Օրենքը հավասարապես պետք է գործի։ Ութ տարի է՝ ընտրովի արդարադատություն է. երբ մեկը Ֆեյսբուքում ինչ-որ գրառում է անում, համարում են բռնության կոչ, գալիս են, կալանավորում ու դատապարտում են, բայց կաթողիկոսի մասին ոմն նիկոլական ասում էր՝ քարով պետք է գլուխը ջարդենք, ու մնացել է մինչ օրս ազատության մեջ։ Սա արդեն բեսպրեդել է, Նիկոլի կողմնակիցների համար ստեղծվել է բեսպրեդել։ Եթե ծառայում են օրվա իշխանություններին, իրենց թույլատրվում է ամեն ինչ»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031