«Դիտարկվող եռամսյակը լարված ժամանակահատված էր ԶԼՄ-ների և լրագրողների համար՝ պայմանավորված հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով: Դա ավանդական իրավիճակ է, երբ ցանկացած համապետական ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ներից և լրագրողներից մեծ ջանքեր են պահանջվում: Իսկ այս ընտրություններն առանձնահատուկ էին այն առումով, որ Հայաստանը բախվեց ահռելի ապատեղեկատվական հոսքերի մարտահրավերների հետ: Հիմնականում այդ արշավը Ռուսաստանից էր, և, ցավոք, այդ ապատեղեկատվությունը տարածվում էր հայաստանյան ինֆորմացիոն դաշտի մի ստվար հատվածի միջոցով»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ երկրորդ եռամսյակային զեկույցը՝ խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ:
«Այդ ապատեղեկատվության, ֆեյք լուրերի, մանիպուլյացիաների վտանգը զգալիորեն մեղմվեց առաջին հերթին այն պատճառով, որ մեզանում օրեցօր ավելանում են փաստերի ստուգման հարթակները, շատ ակտիվ էին հետաքննող լրագրողները երկրի ներսում, նաև միջազգային հետաքննություն էին անցկացնում, նշեմ, որ թեև քիչ, բայց որակյալ լրատվություն էլ ունենք, որոնք ապատեղեկատվությունը հանում էին ջրի երես»,- ասաց Մելիքյանը: Նա նորից ընդգծեց, որ Հայաստանում լրատվական դաշտը բևեռացված էր, և ընտրությունների ժամանակ հստակ երևում էին ճամբարները:
«Եթե ընդհանուր առմամբ խոսենք եռամսյակի ընթացքում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումների մասին, ապա դրանք 42-ն են, որոնցից 1-ը ֆիզիկական բռնություն է, 30-ը՝ տարատեսակ այլ ճնշումներ՝ վիրավորանք, սպառնալիք և այլն, 11-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ: Նախորդ եռամսյակում ֆիզիկական բռնությունների թիվը կրկին մեկն է, տարատեսակ ճնշումների քանակն ավելացել է 8-ով, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների առումով՝ 4-ով է աճել թիվը»,- հավելեց ԽԱՊԿ նախագահը:
Նրա խոսքով՝ բոլոր տեսակի խախտումների մեկ քառորդը նախընտրական քարոզարշավի և քվեարկության օրվա հետ է կապված: Այդ ժամանակահատվածում էլ արձանագրվել են տարատեսակ ճնշումների 10 դեպքերը, ընդ որում, բռնության դեպքը ևս այդ շրջանում է գրանցվել:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում՝ ավելի ուշ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































