Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում մեկնարկել է «Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագիրը

Հուլիս 23,2026 23:20 Share

Սյունիքի մարզկենտրոն Կապանում պաշտոնապես մեկնարկել է «Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագիրը։

Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Միջոցառմանը ներկա են եղել ԱՊՀ անդամ պետությունների, գործընկեր կազմակերպությունների պատվիրակներ, ԱՊՀ երկրների երիտասարդներ, Հայաստանում գործող երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներ, Կապան քաղաքի հյուրեր:

«Կապանին ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի պատվավոր կոչումը շնորհելը ոչ միայն քաղաքի ներուժի ճանաչում է, այլև կարևոր վկայություն մեր երկրի, նրա երիտասարդական քաղաքականության և միջազգային համագործակցության խթանմանն ուղղված հանձնառության նկատմամբ տածած վստահության»,- իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՊՀ գործընկերներին համագործակցության համար։

Նա հատկանշական է համարել, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունը` մասնավորապես Սյունիքի մարզը, հյուրընկալում է ԱՊՀ երկու խոշոր նախաձեռնություն. Կապան քաղաքը կրում է «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»-ի պատվավոր կոչումը, իսկ Մեղրի քաղաքը հռչակվել է «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»։

Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» նախաձեռնությունը միջպետական համագործակցության արդյունավետ հարթակ է, որը խթանում է գործընկերությունը, ընդլայնում երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքին, ամրապնդում փոխադարձ վստահությունը։

«Հայաստանը հետևողականորեն իրականացնում է երիտասարդության պետական քաղաքականություն՝ հիմնված մասնակցության, հավասար հնարավորությունների և մարդկային ներուժի զարգացման սկզբունքների վրա։ Մենք հատուկ կարևորություն ենք տալիս որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցության ընդլայնմանը, երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության զարգացմանը, կամավորության, միջազգային շարժունակության և ձեռնարկատիրական նախաձեռնությունների խրախուսմանը, ինչպես նաև տեղական համայնքների հզորացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

ԱՊՀ երկրների 4 երիտասարդներ բացման շրջանակում Կապան քաղաքին են փոխանցել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը:

Տեղի է ունեցել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանիշով փոստային նամականիշի թողարկում․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Կապանը` ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը: 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Կապանի քաղաքային միջավայրը՝ ֆուտբոլ խաղացող երեխաներ և զբոսնող երիտասարդներ՝ ձյունածածկ Խուստուփ լեռան խորապատկերին: Նամականիշի աջ հատվածում պատկերված է «Կապանը` ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» լոգոտիպը, իսկ ներքևի մասում առկա է «ԿԱՊԱՆԸ` ԱՊՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» գրառում:

Կապանի մշակույթի տանը տեղի է ունեցել համերգ, ելույթ է ունեցել Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը` կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Հնչել են Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Հիշեցնենք՝ Կապանը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2023 թվականի հունիսի 8-ի որոշմամբ:

 

Հայաստան Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031