«Մեծ ուրախությամբ ուզում եմ հայտարարել նոր թատրոնի ծնունդը, որը տարիների երազանք էր: Այն սկսեց ձեւավորվել Գալյա Նովենցի դերասանական դպրոցում ղեկավարած իմ կուրսի հետ աշխատանքների ընթացքում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։
«Միշտ չի, որ կուրսի ղեկավարի բախտը բերում է, եւ շնորհալի երեխաներ են հավաքվում, սակայն այս պարագայում իմ բախտը բերեց, եւ նոր թատրոն ունենալու գաղափարը սկսեց ինձ «անհանգստացնել»: Արդյունքում մենք ունեցանք 4 ներկայացում: Ներկայացումները, որոնք որպես դիպլոմային աշխատանքներ խաղացվել են, այսուհետ կլինեն նաեւ նոր թատրոնի խաղացանկում»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է թատրոնին, Հակոբ Ղազանչյանն ասաց, որ այն կկոչվի Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոն:
Նրա ձեւակերպմամբ, այդ անունը պատահական չի ընտրվել, այն սկզբունքային նշանակություն ունի իր համար. «Մենք կփորձենք նոր զարկ տալ, խթան հանդիսանալ հայ ժամանակակից դրամատուրգիային, ջանքեր կներդնենք, որպեսզի հայ-ռուսական թատերական կապերը շարունակեն ամրապնդվել: Ռուսական թատրոնը աշխարհի հզորագույն թատրոնն է, որի ազդեցության տակ ձեւավորվեց ոչ միայն 20-րդ դարի հայ թատրոնը, այլեւ մինչ օրս համաշխարհային թատերական կրթական համակարգում այն համարվում է առաջնայինը:
Կարդացեք նաև
Գաղափարի մասին ես կիսվեցի «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հետ, որի հետ համագործակցությունն արդեն բավական լուրջ ընթացք ունի: Ինչպես գիտեք, «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հետ մենք վերականգնեցինք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը, որն արդեն շատ արդյունավետ գործում է, պրեմիերաներ է ունենում, խաղում է լեփ-լեցուն դահլիճներում: Ուրախ եմ, որ նորաստեղծ թատրոնի հարցում նույնպես գործընկերներ ենք, եւ, ըստ էության, թատրոնի հիմնադրումն իրագործում ենք միասին»:
Հակոբ Ղազանչյանը նշեց, որ Գալյա Նովենցի դպրոցի ավարտական իր կուրսն էլ կհանդիսանա նորաստեղծ թատրոնի կորիզը:
«Իբրեւ հասարակական դիվանագիտության սուբյեկտ՝ փորձում ենք աշխատել նաեւ մշակույթի եւ, ի մասնավորի, թատերական դաշտում: Կես կատակ, կես լուրջ ասեմ՝ ինքս էլ չզգացի, թե ինչպես թատրոնի հզոր ուժն ինձ փորձառու հանդիսատեսից որոշակիորեն վերածեց թատերական գործի կազմակերպչի:
Ինչպես պարոն Ղազանչյանը նշեց, մենք մեկ տարուց ավելի համագործակցում ենք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերածնման ուղղությամբ, ինչը կայացած իրողություն է: Դրան զուգահեռ՝ նպաստել ենք նաեւ Ստեփանակերտի ռուսական թատերախմբի վերածնմանը, որը հաջողությամբ գործում է Հայաստանում: Ավելին, մենք 2 տարի առաջ նպաստեցինք, որ այդ թատերախումբը Մուրմանսկում մասնակցի թատերական միջազգային փառատոնի:
Երբ պարոն Ղազանչյանի հետ համախոհության շրջանակում քննարկում էինք հայ-ռուսական մշակութային փոխառնչությունների թեման, եւ ես գիտեի, որ ինքն իր հեղինակային թատրոնը ստեղծելու ընթացքի մեջ է, այդպես եկանք այս գաղափարին: Իմ կողմից ավելացնեմ, որ հայ մտավորականության համար՝ անկախ քաղաքական պայմաններից եւ իրողություններից, ռուսական մշակույթը միշտ եղել է բարձրագույն արժեքների համակարգ: Իր հերթին հայկական բազմադարյա մշակույթը եղել եւ մնում է ռուս մշակութային գործիչների, գիտնականների ուսումնասիրության եւ հետազոտության կենտրոնում:
Ավելորդ չէ ասել, թե Ռուսաստանի մշակութային կյանքում ինչ ներդրում ունեն հայ գործիչները, եւ հայ-ռուսական մշակութային ժառանգությունը միայն անցյալին վերաբերող թեմա չէ: Այն ներկայի իրողություն է: Ես տեսնում եմ, թե ինչ հետաքրքրությամբ են հայկական թատրոնները մասնակցում ռուսաստանյան փառատոներին, եւ ինչ սիրով են ռուսաստանյան խմբերը Հայաստան այցելում»,- նշեց Յուրի Նավոյանը:
Նա հիշեցրեց, որ այս տարի «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը եղել է նաեւ «Արմմոնո» միջազգային փառատոնի գործընկերը, նպաստել, որ ռուսական 2 ճանաչված թատրոն՝ Սանկտ Պետերբուրգից եւ Նովոսիբիրսկից, մասնակցեն այդ փառատոնին Երեւանում:
«Ներկայումս, երբ ճգնաժամ կա միջազգային քաղաքականությունում, ոչ միայն հայ-ռուսական քաղաքական երկխոսությունում, ես մնում եմ համոզված կողմնակից այն թեզի, որ մենք ունենք հատկապես հայ-ռուսական պատմությունում մշակութային անսպառ գանձարան: Մշակույթի վրա հենվելով է, որ ներկա եւ ապագա սերունդները կարող են ապահովել փոխադարձ ճանաչողություն եւ փոխադարձ վստահություն»,- ընդգծեց «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահը:
Տեսանյութն՝ ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































