Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

«Կաթնամթերքի ներմուծումն արգելելով՝ ՌԴ-ն Հայաստանի իշխանություններից պահանջում է ընտրել՝ ԵԱՏՄ կամ Եվրամիություն»․ քաղաքագետ

Հուլիս 24,2026 17:54 Share

«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից սահմանափակում է Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերքի ներմուծումը։

Պաշտոնապես հայտարարվում է, թե պատճառը հուլիսի 14–21-ը կատարված ստուգումներն են, համաձայն որոնց՝ օգտագործվել է վարակված խոշոր եղջերավոր անասունների կաթ ու բարձր յուղայնությամբ կաթնամթերքի արտադրության մեջ բացահայտվել են 3-րդ երկրների հումքի օգտագործման դեպքեր, սակայն քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում պնդում է, որ պատճառը միայն քաղաքական է, և ՀՀ իշխանությունների այսպես ասած կոմպլեմենտար քաղաքականության վարումը թանկ է նստում հայ արտադրողի ու հայ ժողովրդի վրա։

Գագիկ Համբարյան

«Տարեկան կտրվածքով Հայաստանի Հանրապետությունը 1,5-1,6 միլիարդ դոլարի գյուղմթերք է ներմուծել Ռուսաստան, 500-600 միլիոն դոլարի էլ ՝ սննդամթերք։ Այդ սննդամթերքի մեջ բավական մեծ չափաբաժին ունի կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից դեպի Ռուսաստան։

Ու իհարկե, Ռուսաստանի կողմից նոր պատժամիջոցների կիրառումը հայ արտադրողների նկատմամբ, հատկապես կաթնամթերք արտադրողների նկատմամբ, բնականաբար, մեծ վնաս է հասցնում մեր սննդի արդյունաբերությանը, բայց դե մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ սա քաղաքական ճնշում է։

ՌԴ-ն շարունակում է պատժամիջոցների կիրառման գործընթացը Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի գործող իշխանություններից ակնկալում է իր պահանջների իրականացում։

Իսկ պահանջը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությանը շանս չի տրվում նստել երկու աթոռներին ու առաջ ընթանալ իր գեղջկական արտաքին քաղաքականությամբ։

Հայաստանի գործող իշխանությունները ԱԺ մակարդակով որոշում են կայացրել, որ մենք պետք է դառնանք Եվրամիության անդամ, բայց մեր տնտեսական կախվածությունը ՌԴ-ից ու ԵԱՏՄ շուկայից ահավոր մեծ է, ու քանի դեռ մենք օգուտ ունենք ՌԴ-ից ու ԵԱՏՄ-ից, մնում ենք ԵԱՏՄ-ի կազմում, հետո եթե պետք եղավ, թռնում ենք այդ երկուսի կողքից ու թևակոխում ենք դեպի Արևմուտք։

Ռուսաստանն էլ մեր դեմ պահանջ է դրել՝ կամ Ռուսաստան, կամ Արևմուտք, այլ տարբերակ չկա, ու քանի որ Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց իբր թե կոմպլեմենտար, իբր թե ինքնիշխան արտաքին քաղաքականությունը, դրա պատասխանը տալու են հայ արտադրողն ու հայ ժողովուրդը։

Այնպես որ այստեղ ոչ մի նոր բան չկա, ավելին ասեմ՝ պատժամիջոցները մինչև ձմեռ ավելի են սաստկանալու, որովհետև Ռուսաստանը մեզ ժամանակ է տվել մինչև դեկտեմբեր․ պիտի կողմնորոշվենք՝ կամ իրենց հետ ենք լինելու կամ իրենց թշնամիների։

Այնպես որ պիտի սպասել նորանոր պատժամիջոցների, ըստ որոշ լուրերի, հատկապես ռուսաստանյան տելագրամյան ալիքների, աշնանը՝ ենթադրաբար սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին սպասվում է Ռուսաստանից դեպի Հայաստան տրանսֆերտների դադարեցում»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031