Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ-որ մեկը կա՞, որ կասկածում է, որ եթե ՍԴ-ին sms գա, որ նա որոշի՝ ՀՀ-ն գտնվում է Անտարկտիդայում և պիտի շարժվի համապատասխան Անտարկտիդայի օրենքների, դա չի անի»․ Արման Աբովյան

Հուլիս 25,2026 21:19 Share

«Ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ խոսքի, լայքի, հայացքի, հայ մնալու իրավունքի համար մարդկանց բռնում, նստեցնում են»,- Սիրահարների այգում «Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։ Հանրային քննարկումը կազմակերպել են «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորումը։

Արման Աբովյանը վստահեցրեց՝ ԲՀԿ-ին վստահած ամեն մարդու իրավունքի համար մինչև վերջ պայքարելու են։

Նա հիշեցրեց՝ ԲՀԿ-ից «լկտիաբար գողացան ձայները»․ «ԲՀԿ հետ կատարվածը ակնհայտ ցույց տվեց, որ իշխանությունը, որը հիմնվել էր 2018-2026-ը, որն ասում էր՝ ունի լեգիտիմություն, հունիսի 8-ի գիշերը բոլորս ականատես եղանք ուղղակի խուժանաբար Ընտրական օրենսգրքի, մարդու իրավունքների, ձայնի իրավունքի ոչնչացման, բռնաբարման։ 60 հազար ձայնը միայն ԲՀԿ-ի ձայնը չէ, այլև բոլոր այն մարդկանց, որոնք աչքով աչք չունեն ԲՀԿ-ի հետ»։

Արման Աբովյանը ցավով նշեց՝ այս պահին չի տեսնում հնարավորություն նույնիսկ ՍԴ դիմելու․ «Մենք հասկանում ենք, որ այս գործընթացներն այսօր անհնար են։ Ինչ-որ մեկը կա՞, որ կասկածում է, որ եթե ՍԴ-ին sms գա, որ նա որոշի՝ ՀՀ-ն գտնվում է Անտարկտիդայում և պիտի շարժվի համապատասխան Անտարկտիդայի օրենքների, դա չի անի»։

Ըստ նրա՝ այս քաղաքացիական հարթակում ձևավորվում է այն ապագայի տեսլականը՝ իրավական առումով, որը պետք է ապահովի, որ հանկարծ չկրկնվի իր բնորոշմամբ՝ այն քաղաքագիտական, իրավական առումով խուժանությունը, որի պայմաններում այսօր ապրում ենք։

«Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել