Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամառային ճամբար» ծրագիրը՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների մասնակցությամբ

Հուլիս 25,2026 23:51 Share

Երևանում գործող «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը մշտապես է եղել աջակից Արցախին։ 2020-2023թթ․ Արցախում տեղի ունեցած ողբերգական դեպքերից ու արցախցիների բռնի տեղահանությունից հետո «Թեքեյան Կենտրոն»-ն առավել սկսեց աջակցել մեր հայրենակիցներին։

«Թեքեյան Կենտրոն»-ը նաև աջակցում է ՀՀ-ում՝ Երևանում, Ստեփանավանում, Կարբիում և Գյումրիում գործող Վահան Թեքեյանի անվան դպրոցներին։ Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի թիվ 1 միջնակարգը նույնպես կրում էր մեծ գրողի անունը, և Թեքեյանականները մշտապես էին աջակցում այդ կրթօջախին։

«Թեքեյան»-ը յուրաքանչյուր տարի կազմակերպում էր նաև Թեքեյանական օլիմպիադա՝ նշված 5 կրթօջախների 8-րդ դասարանցիների մասնակցությամբ։ Այդ կրթական միջոցառումը վերածվում էր մեծ տոնի։ Օլիմպիադայի հանձնախմբի կազմում ընդգրկված էին մեր ժողովրդի կողմից սիրված ու ճանաչված մտավորականներ՝ գրողներ, դերասաններ (Վարդուհի Վարդերեսյան, Գուժ Մանուկյան), դասախոսներ։

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը 2010 թվականից իրականացնում է նաև «Ամառային ճամբար» ամենամյա ծրագիրը։ Այն հնարավորություն է ընձեռում երեխաներին իրենց ամառային հանգիստն անցկացնել մեր Հայրենիքի գեղատեսիլ վայրերում, դառնալու ինքնուրույն և ինքնավստահ: Եղավ նաև ցավալին․ 2020թ․ կորոնավիրուսի համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով ծրագիրն ընդհատվեց։

Սակայն «Թեքեյան կենտրոն»-ը, տնօրեն Արմեն Ծուլիկյանի գլխավորությամբ, պատերազմի օրերին, դրանից հետո էլ մշտապես իր ծրագրերում արցախցիներին ընդգրկում էր։ Կենտրոնի դահլիճում կազմակերպվում էին հանդիպումներ տեղահանված արցախցիների հետ, իրականացվում էին տարբեր ծրագրեր՝ հումանիտար, կրթական, մշակութային։

 

Այս տարի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կրկին իրականացնում է «Ամառային ճամբար» ծրագիրը՝ այս անգամ ընդգրկելով Արցախից բռնի տեղահանված երեխաների: Ծրագրի շահառուները՝ «Արցախի արվեստագործների միություն» ՀԿ թվով 32 սաներն ու մանկավարժները, որոնք Ստեփանակերտից, Մարտակերտից, Հադրութից են, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանի ղեկավարությամբ, իրենց յոթօրյա ամառային հանգիստը կանցկացնեն Մեղրաձորի «Արագած» ճամբարում:

Հուլիսի 25-ին ճամբարականները, նրանց ծնողները հավաքվել էին «Թեքեյան կենտրոն»-ի մոտ։ Նրանց դիմավորեց կենտրոնի ներկայացուցիչ Սեդա Խաչատուրյանը, հակիրճ ներկայացրեց իրենց կառույցի մասին՝ կարևորելով «Ճամբար» ծրագիրը։ Ասաց․ «Ծրագիրը նաև մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց բազմակողմանի զարգացմանը՝ մտավոր, հոգևոր, մշակութային գիտակցության, ֆիզիկական:

Տարատեսակ մտավոր և ժամանցային խաղերի, մարզական, մշակութային միջոցառումների, ազգային երգ ու պարի ուսուցման, հիշարժան վայրերի այցելության շնորհիվ երեխաների ամառային հանգիստը դառնում է առավել բովանդակալի ու հետաքրքիր: Ճամբարը զարգացնում է անհատականությունը, պարգևում անմոռանալի պահեր։

Ընդհանրապես «Ամառային ճամբար» ծրագրում ընդգրկվել է շուրջ 720 շահառու Հայաստանից և Արցախից՝ մասնավորապես 10-14 տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաներ»: Ճամբարականների հետ ուղևորվեցի Մեղրաձոր։ Բարձր տրամադրություն էր տիրում ավտոբուսում։ Ճամբարում, տնօրեն Անդրանիկ Բաբայանի գլխավորությամբ, արցախցիներին դիմավորեցին մեծ խանդավառությամբ։ Առաջինը՝ խմբով լուսանկարվեցին։

Ա․ Բաբայանը ծանոթացավ երեխաների նրանց, ղեկավարի ու կամավոր ջոկատավար Անժելիկա Ալեքսանյանի հետ, ով ծնվել է Հադրութում։ Ճամբարականների խմբում է նաև Անժելիկայի քույրը՝ Նինան, ով ցանկանում է դերասանուհի դառնալ։ Հուլիսի 1-ին Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային ազգային թատրոնի բեմում տեղի ունեցավ Կարինե Քոչարյանի «Սարից այն կողմ» պիեսի բեմականացումը։ Գլխավոր դերերից մեկում Նինան էր խաղում։

Ընթացքում որոշեցին հետագա անելիքները։ Ճամբարի ջոկատավարների ուղեկցությամբ արցախցի երեխաները տեղավորվեցին իրենց սենյակներում։ Հիշեցի՝ 2017-ին նույն ճամբար ուղեկցել էի նաև բերձորցի աշակերտներին։ Ճամբարի տնօրենը տեղեկացրեց՝ շատ է եղել Արցախում, շրջել է շատ բնակավայրերում։ Հարցին՝ կազմակերպվելու՞ են արշավներ տեսարժան ու պատմամշակութային վայրեր, Ա․ Բաբայանն ասաց՝ անպայման։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031