Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Համահայկական ուսանողական ասոցիացիայի (All-Armenian Student Association) գործադիր տնօրեն Նորայր Խալաֆյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասոցիացիայի վերջին նախաձեռնությունները, ինչպես նաև համաշխարհային հայ ուսանողական ցանցի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված շարունակական աշխատանքները։
Նորայր Խալաֆյանը ներկայացրել է կազմակերպության գործունեությունն, այդ թվում՝ ԱՄՆ-ի արևելյան ափում աշխատանքների ընդլայնումը, աշխարհի տարբեր համալսարաններում մասնաճյուղերի ձևավորումը, ինչպես նաև առաջնորդության և կրթաթոշակային ծրագրերի մեկնարկը, որոնք միտված են աջակցելու հայ ուսանողներին և երիտասարդ մասնագետներին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Համահայկական ուսանողական ասոցիացիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կազմակերպության գործընկերային կապերի զարգացմանը։
Կարդացեք նաև
Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները՝ միտված հայ ուսանողների ներգրավվածության խթանմանը, Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը և միջազգային ուսանողական ցանցի զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ասոցիացիայի մասնակցությունը Գրասենյակի նախաձեռնություններին՝ այդ թվում՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին և Ազգային երիտասարդական համաժողովին։ Անդրադարձ է կատարվել նաև կազմակերպության հնարավոր ներգրավվածությանը խորհրդատվական մարմինների աշխատանքներում, ինչպես նաև նշված նախաձեռնությունների օրակարգերի ձևավորմանը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը՝ ուղղված հայ երիտասարդության ներուժի զարգացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ ուսանողների ու երիտասարդ առաջնորդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ


















































