«Այդ հանձնաժողովը, որքանով տեղյակ եմ, տարեկան մի քանի նիստ էր անցկացնում, և աշխատանքները փաստացի կանգնած էին։ Ունենք մարտահրավերներ այդ ուղղությամբ։ ՀՀ-ի՝ եվրոպական պետությունների հետ առևտրաշրջանառությունը ցածր մակարդակի վրա է, անկում է ապրում, հայկական օդանավերը 2019-ից չեն կարողանում ԵՄ թռչել։ Մեծ անելիքներ կան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավասարակշռման պետական քաղաքականություն վարվի բոլոր պետությունների հետ՝ զարգացնելով հարաբերությունները ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի երկրների, Չինաստանի, Պարսից ծոցի երկրների հետ»,-փաստմանը՝ կարծիքներ կան, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որ դրա գործունեությունը տապալի, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ուզում եք խորացնե՞լ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, թե նաև որոշակի շղարշ ապահովել, որ ձեր՝ պրոռուսական ուժ լինելը քողարկվի, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Մենք բոլոր միջազգային հարաբերություններում առաջնորդվում ենք ՀՀ ազգային շահով։ Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, այո, ՀՀ-ն պետք է խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ մասնավորապես ոլորտներ կան, որ 2018-ից ավելի են վատթարացել։ Մենք ակտիվացնելու ենք։ Մեզ ԵՄ-ի հետ քաղաքական հարաբերություններից բացի պետք են առևտրային հարաբերություններ․ 40-ականներին ԵՄ-ն հենց որպես առևտրային միություն է ստեղծվել»։ Փաստմանը՝ երկու կողմից էլ պահանջում են, որպեսզի մեր ընտրության հարցում կողմնորոշվենք, Տիգրան Աբրահամյանն այսպես արձագանքեց․ «Դիվանագիտությունը հենց դրանով է տարբերվում, որ չպետք է հակադրությունների գործիք դառնանք, այլ փորձենք այնպես անել, որ հավասարակշռված հարաբերություններ կառուցենք բոլոր կողմերի հետ և շարժվենք՝ ՀՀ ազգային շահերից ելնելով»։
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































