Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է Արցախի նախագահի հավանական թեկնածուի անունը

Օգոստոս 21,2026 09:32 Share

Վերջին ամիսների ընթացքում կուլիսներում և մամուլում տարբեր ձևաչափերով ժամանակ առ ժամանակ քննարկվում են Արցախի Հանրապետության նախագահի ընտրության կարևորության և հնարավոր թեկնածուների   հարցը: Արցախի, թեև միջազգային հանրության կողմից չճանաչված, բայց և չմերժված ու իր բոլոր պետական ինստիտուտներով լիարժեք կայացած պետականության դե յուրե պահպանման համար խիստ կարևոր է Արցախի պետական գլխավոր ինստիտուտների` նախագահի և ԱԺ-ի անընդհատության դե յուրե պահպանման անհրաժեշտությունը՝ արցախցիների ինքնակազմակերպման, Արցախի մշակութային ժառանգության պահպանման ու արցախցիների վերադարձի, նրանց սոցիալական, բնակարանային ու քաղաքացիական օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության և արցախյան հարցի միջազգայնացման տեսանկյունից։

Հենց այս խնդիրների լուծման նպատակով է, ըստ մեր ունեցած տեղեկությունների, 2026 թվականի հուլիսի վերջերին Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի նախաձեռնությամբ Արցախի ԱԺ-ում խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել Արցախի նախագահի հավանական թեկնածուներից` Ստեփան Հասան-Ջալալյանի անձը։ Կարևոր և  հատկանշական է, որ քննարկման ընթացքում մասնակիցները դրական են արտահայտվել Ստեփան Հասան-Ջալալյանի  թեկնածության  վերաբերյալ, ով, ըստ իս, ունի  այդ բարձր և պատասխանատու պաշտոնի համար անհրաժեշտ որակներ ու հատկանիշներ` պետական մտածողություն, պետության կառավարման վերաբերյալ քաղաքագիտական գիտելիքներ, (մասնագիտությամբ քաղաքագետ է, գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան, այժմ գտնվում է ատենախոսության պաշտպանության գործընթացում)։

Շատ էական է և կարևոր, որ նա ծնունդով արցախցի  է, ծագումով  սերում է հայոց հռչակավոր ազնվական տոհմերից մեկից՝ Հասան-Ջալալյանների իշխանական գերդաստանից, որը դարեր շարունակ պատասխանատվություն է կրել Արցախի դարավոր պետականության և արցախահայության համար աշխարհիկ ու հոգևոր ոլորտներում:

Արցախյան քաղաքական, հասարակական, մտավորական շրջանակների մեծ մասի դիրքորոշումը դրական է Ս. Հասան֊Ջալալյանի թեկնածության վերաբերյալ:

Ստեփան Հասան-Ջալալյանը մշտապես պահպանել է կապն իր ծննդավայրի ու նրա մարդկանց հետ, ակտիվորեն համագործակցել է նաև Արցախի պաշտոնական  ու  մտավորական-գիտական  շրջանակների հետ։

Նա բավականին հանգամանալից ու խորությամբ պատկերացնում է արցախյան հիմնախնդիրը և այդ թեմայով ունի բազմաթիվ գիտական հետազոտություններ՝ հրատարակած գրքեր, հոդվածներ, պարբերաբար ելույթներով է հանդես գալիս ԶԼՄ-ներով:

Ինչ վերաբերում է Ստեփան Հասան-Ջալալյանի աշխատանքային փորձառությանը, ապա պետք է նշել, որ նա ունի պետական կառավարման ոլորտի փորձառություն: Շուրջ տասը տարի աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհակալագրով: Այնուհետև աշխատել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում, ապա՝ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:

Ս. Հասան-Ջալալյանը քաղաքականապես անկաշկանդ ու անկախ մարդ է, չի անդամակցում կամ հարում որևէ քաղաքական ուժի։

Առանձնահատուկ կերպով հարկ է նշել նաև, որ անձնական դիմումի համաձայն՝ Ս. Հասան-Ջալալյանը ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում՝ որպես դասակի հրամանատար:

Բոլոր վերը թվարկված հատկանիշները և նաև այն փաստը,  որ  Ստեփան Հասան֊Ջալալյանը ներկայացուցիչն է մի  տոհմի,  որը  13-րդ  դարից  մինչև 19-րդ  դարը  տվել է մոտավորապես Արցախի 40 կաթողիկոս և շուրջ 20 իշխաններ, վկայում են այն մասին, որ ընտրվելու պարագայում Ստեփան Հասան-Ջալալյանն Արցախի նախագահի պատասխանատու կարգավիճակում կարող է գործել գրագետ, հավասարակշիռ, արդյունավետ, անկաշկանդ,  վստահ, կայացնել համարձակ ու անաչառ որոշումներ և ապահովել արցախահայության  ինքնության ու ազգային արժանապատվության ստացած խորը վերքերի ապաքինումը, ինքնակազմակերպումը, համերաշխությունը, միասնությունը, արժանապատվորեն ներկայացնել արցախահայության և Բաքվի բանտերում ապօրինաբար գտնվող հայրենակիցների շահերն ու խնդիրները թե՛ Հայաստանում և թե՛ միջազգային մակարդակներում:

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում Հասան-Ջալալյանների տոհմի ներկայացուցչի ընտրությամբ աշխարհին և մասնավորաբար՝ Ադրբեջանին կհղվի ուղերձ առ այն, որ Արցախը դարեր շարունակ եղել է հայկական և այսօր էլ Արցախի պետականության պահպանման պատասխանատվությունը տիրոջ իրավունքով կրում է Արցախի հինավուրց իշխանական տոհմերից մեկի ժառանգը:

Շատ կարևոր է նաև, որ Ստեփան Հասան-Ջալալյանը քննարկումների, բանավեճերի ու ելույթների ժամանակ հանդես է գալիս սկզբունքային և անզիջում դիրքերից, ինչը պայմանավորված է նրանով, որ նա հիմնավոր կերպով տիրապետում է քննարկվող նյութին։

Կարծում ենք՝ Արցախի Ազգային Ժողովը սխալված չի լինի, ճիշտ հակառակը այս ճգնաժամային, աղետալի իրավիճակում վերին աստիճանի ճիշտ և օգտակար քայլ կատարած կլինի, եթե Ստեփան Հասան-Ջալալյանին ընտրի Արցախի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում:

Որպես պետական կառավարման ոլորտի մասնագետ և արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ՝ արցախցիների հիմնախնդիրներին մոտ կանգնած մարդ, բարձր եմ գնահատում Ստեփան Հասան֊Ջալալյանի անձնական ու կառավարչական որակները, ծագումը, գիտելիքների հարուստ պաշարը, համարձակությունը, եռանդը, իմաստնությունը:

Հաշվի առնելով Արցախի մտավորական-պաշտոնական շրջանակների դրական վերաբերմունքը Ս. Հասան-Ջալալյանի թեկնածության նկատմամբ՝ ակնկալում եմ արցախյան էլիտայի ու արցախահայության լայն քննարկում և աջակցություն Ստեփան Հասան-Ջալալյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում` սոցիալական հարթակներում տարբեր ձևաչափերով, մարդկանց օբեկտիվ և իրատեսական տրամադրություններն ու կարծիքներն ուսումնասիրելու  համար։

Դա շատ կարևոր է ապագա հնարավոր նախագահի` այդքան կարևոր պաշտոնում Ստեփան Հասան-Ջալալյանի լեգիտիմությունն ու հանրային բարձր վստահությունն ունենալու համար։

Ստեփան Հասան-Ջալալյանի հայտնությունը, որպես Արցախի նախագահի թեկնածու, ինչու չէ պետք է դիտարկել նաև Աստծո բարեհաճությունն արցախցիների նկատմամբ։

Հայկ Ղազարյան
տնտեսագիտության թեկնածու,
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել