«ՀՀ ղեկավարը հայտարարում է, որ ՀՀ տարածքը, որտեղ մեկ ամիս առաջ ընտրություններ են անցկացվել, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքով պատկանում է ՀՀ-ին, Ադրբեջանին է պատկանում»,-ԱԺ ամբիոնից իր վրդովմունքը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենի հետ կապված հայտարարություններին։
Նա միացրեց 2022-ին արված մի ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել, իսկ հիմա հենց այդ հիմքով Տիգրանաշենը համարում է ադրբեջանական։ Այս առիթով Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Հետ բերեք հին Նիկոլ Փաշինյանին»։ Ու շարունակեց․ «Ի՞նչ իրավունքով, ի՞նչ տրամաբանությամբ է կանգնում, ամենաբարձր պետական ամբիոններից ՀՀ տարածքը, հայկական բնակավայրերը անվանում ադրբեջանական անուններով։ Եթե երկրի ղեկավարն ասում է՝ ես իմ տարածքում ունեմ այլ երկրի տարածք, դա եթե պատերազմի հրավեր չէ, ի՞նչ է։ Ադրբեջանը Տիգրանաշենը կարող է պահանջել միայն մեկ բանի համար, եթե ուզում է կազմաքանդել ՀՀ-ն, ամբողջությամբ վերցնել շրջափակման մեջ։ Տիգրանաշենն իր համար որևէ այլ նշանակություն չունի»։
Այնուհետև դիմելով ՔՊ-ականներին՝ հայտարարեց․ «Ձեր՝ ապաշրջափակման անվան տակ Երևանից դուրս եկող երկու միջպետական ճանապարհները հայտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Դուք ձեր վարչությամբ հավաքվելու, որոշելու իրավունք չունեք՝ որն է Հայաստան, որը՝ չէ»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































