«Ինտենսիվության հետ կապված չեմ կարող գնահատական տալ, որ այս կարճ ժամանակահատվածում ունենք նման խտություն, բայց այն, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել ՊՆ նախարարին, սա նորություն է ՀՀ-ում»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով լրագրողների՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանված այս ամսվա ընթացքում շարունակական մահերի մասին հարցերին։
Նաև հավելեց․ «Օգոստոսը հոգեբանորեն ամենաընկճված ամիսն է համարվում»։
Սուրեն Պապիկյանն ասաց՝ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացությունը մարտահրավեր է, որի պատասխանատուն միայն ինքը չէ, այլ համակարգային խնդիր է։
Կարդացեք նաև
25-օրյա վարժական հավաքների հետ կապված բողոքների առիթով էլ ասաց․ «Այնպիսի ժամանակահատված ենք ընտրել, որ մարդը կարողանա վերադառնալ բանակին, վերհիշել։ Խնդիրներ շարունակում են լինել, բայց արդյունավետ է։ Հրապարակումներում խնդրում եմ չբացահայտել բաներ, որ ՊՆ նախարարը ստիպված պիտի լինի համապատասխան մարմինների դիմել պետական գաղտնիքի համար։ Եթե խնդիրը բանակն անվանարկելն է, մենք էլ ստիպված ենք լինելու դրան արձագանքել»։
Դիտարկմանը՝ ութ տարի իշխանության եք, եթե բանակում գողական բարքեր կամ այլ խնդիրներ կան, Ձեր պատասխանատվության ներքո չէ՞, ի վերջո արդեն տարեսկզբից ՀՀ զինված ուժերում 8 մահ ունենք, Սուրեն Պապիկյանն արձագանքեց․ «Որպես ՊՆ նախարար՝ իմ պատասխանատվության մասնաբաժինն ունեմ, բայց նաև ունեն նրանք, որոնք այդ քրեական ենթամշակույթին վերաբերվում են թողտվությամբ»։
Լրագրողները հիշեցին նաև Սուրեն Պապիկյանի ծառայության տարիների հետ կապված միջադեպը, երբ ըստ տեղեկությունների՝ նրա դեմ դատական գործ է հարուցված եղել, ըստ որի՝ նա ծառայակցին է դանակահարել ու հարցրին՝ դա քրեական ենթամշակույթ չէ՞, նա պատասխանեց․ «Ես ծառայել եմ ռուսական բանակում, այնտեղ ընդհանրապես գողական բարքեր գոյություն չունեին, այլ կային երկու ազգությամբ մարդիկ՝ ՀՀ և ՌԴ քաղաքացիներ։ Որոշ դեպքերում՝ այդ թվում նաև միջանձնային և անձնական հողի վրա անհամաձայնություններ առաջացել են։ Ես երբևէ նման մեղադրանք չեմ ընդունել»։
Սուրեն Պապիկյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































