Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը մանկատան երեխաներին դուրս է հանում

Օգոստոս 26,2026 12:30 Share

Չորս տարի առաջ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, նախկին մանկատան իրավաբան Կարինե Գասպարյանը դիմել էր ՀՀ վարչապետին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, հայտնելով. «Ինձ են դիմել «Վանաձոր» ՊՈԱԿ-ի նախկին սաներից, ովքեր օգտվել են պետական աջակցությամբ բնակարաններ անհատույց օգտագործման իրավունքով ձեռք բերելու ծրագրից, ինչից, իհարկե, շնորհակալ են: Կան սաներ, որոնց բնակարանի՝ անհատույց օգտագործման պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, որեւէ այլ բնակարան ձեռք չեն բերել, չեն էլ կարող ձեռք բերել: Այս պահին, որպես փաստաբան, ցանկանում եմ ճշտել նախարարության դիրքորոշումը՝ այս սաներին հատկացված բնակարանները սեփականության իրավունքով նրանց անվամբ անհատույց գրանցելու հետ կապված»։

Նախարարության գլխավոր քարտուղարի կողմից փաստաբանը ստացել էր հետեւյալ պաշտոնական գրությունը. «Հայտնում եմ, որ ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարաններ) նվիրաբերելու մասին N 1325-Ն որոշման մեջ 2021 թվի օգոստոսի 6-ին կատարվել է փոփոխություն, համաձայն որի, որոշման հավելվածում՝ ցուցակում ներառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված 163 անձանց հետ բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքելու ժամկետը երկարաձգվել է եւս 12 ամսով (մինչեւ 2022թ. սեպտեմբերի 1-ը): Հարկ եմ համարում նշել, որ որոշմամբ սահմանված նվիրաբերության գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, որոնք հաղթահարման համար նախարարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ» («Առավոտ» օրաթերթ 05.02.2022)։

Մանկատան սաներին նախկինում բնակարաններ տրամադրվել են անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով։ Պայմանագրով սահմանված 10-ամյա ժամկետը լրանալուց հետո նրանց դուրս են հանում։ Բնակարանները տրվել էին ժամանակավոր կացարան տրամադրելու ծրագրով՝ առանց սեփականության իրավունքի փոխանցման։

Երեկ «Առավոտի» հետ զրույցում փաստաբան Կարինե Գասպարյանը տեղեկացրեց, որ պետությունը, որը տասը տարով մանկատան երեխաներին տրամադրել էր բնակարաններ, նրանց ժամկետներ է տվել՝ ազատել բնակարանները. «Վանաձորի նախկին մանկատան սաներից կան առանց ծնողական խնամքի մնացած կարգավիճակ ունեցող երեխաներ, այդ թվում ՝ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, որոնք պետության միջոցների հաշվին տասը տարով բնակարաններ ստանային, բնակարանները եղել են տասը տարի, որից հետո պիտի նվիրաբերեին, որոնց սերտիֆիկատ էին տալիս։ Այն մանկատան սաները, ովքեր տասը տարուց հետո պիտի պայմանագրի համաձայն ազատեին բնակարանները, կանգնած են փաստի առաջ։

Այսօր մանակատան սաներից, օրինակ, Սպիտակում գտնվող Վարպետաց թաղամասի «Օթևան» ՊՈԱԿ-ը պահանջում է   ազատել տարածքները։ Որքանով տեսնում եմ, պետությունն ուզում է այդ երեխաներին դուրս թողնել, առանց բնակարանի ապահովման, պետությունն իր պարտականությունը չի կատարում, նրանք փողոցում են հայտնվում։ Իրականում կա մի կատեգորիա, որը սերտիֆիկատով, որը տվյալ բնակարանն իր գրանցումով իր անվամբ սեփականատեր է դարձել, մյուս կատեգորիայի սաներին դուրս է նետում։ Ասում են՝ սոցիալական բնակարաններ պիտի կառուցեն այդ կատեգորիայի երեխաների համար՝ առանց սեփականոթյան իրավունքի։ Պետությունը չի կարող տարանջատել մանկատան սաներին, ինչքան էլ որ ընդունի օրենսդրական ակտեր, այն հետադարձ ուժ ծանրացման առումով չի կարող ունենալ,  որով մանկատան սաների իրավունքները կսահմանափակեն։ Նրանք, ովքեր ապրել են տասը տարով, ունեն իրավունք, ով տասը տարուց ավել է ապրել, ասում են բեր տեղեկանք, որ հունվարից այդտեղ ես ապրել, եթե ոչ, պիտի ազատես տունը։ Մարդն ունի ազատ տեղաշարժի իրավունք, ամուսնանում է, աշխատում, բացակայում է ժամանակավոր այդ բնակարանից, ոնց կարելի է օրենքը, սահմանադրությունը շրջանցելով գնալ նման քայլին»։

Փաստաբանը բարձրաձայնելով հարցը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մանկատան նախկին սաները չունեն այլընտրանքային կացարան, նրանց մեջ կան այնպիսիները, ովքեր ունեն անչափահաս երեխաներ, անվճարունակ են այլ տեղում բնակարան ձեռք բերելու համար, իսկ պետությունն էլ նվիրաբերության կարգով սեփականության իրավունքով անհատույց կարող էր փոխանցել դրանք այնտեղ երկար տարիներ բնակվող մանկատան շրջանավարտներին։

«Կուզենայի նշել նաև, որ ունենք հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը նվիրած անձ, ում կինը և երկու երեխաներն ապրում են ամուսնուն 10 տարի ժամանակով հատկացված բնակարանում, նրանց 10 տարվա ժամկետը ևս լրացել է, ու վախը սրտներում նրանք նույնպես բնակվում են, որ գուցե օրերից մի օր իրենց էլ պահանջ ներկայացնեն ազատել բնակարանը»,-ավարտելով իր խոսքը՝ ասաց Կարինե Գասպարյանը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել