Լրահոս
Օրվա լրահոսը

115 խնամատար ընտանիքներում այս պահին խնամք և դաստիարակություն է ստանում 271 երեխա

Օգոստոս 27,2026 13:31 Share

Պետությունը շարունակում է աջակցություն տրամադրել խնամատար ընտանիքներին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման համար։ Խնամատարությունը երեխայի այլընտրանքային խնամքի տարբերակներից է, որի շնորհիվ երեխան հնարավորություն է ունենում իրացնել ընտանիքում ապրելու իր իրավունքը։

Այս պահին 115 խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում 271 երեխա։

Խնամատար ծնող կարող են դառնալ այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, չափահաս են և համապատասխանում են պահանջվող չափանիշներին։

Խնամատար ծնող դառնալու դեպքում պետության կողմից տրամադրվում է վարձատրություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ինչպես նաև ֆինանսական միջոցներ՝ երեխայի խնամքի և դաստիարակության համար։

Հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան տրավմայի ենթարկված երեխաների խնամելու դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրամադրվում է ամսական վարձատրություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով, ինչպես նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված ֆինանսական միջոցներ։

Խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողի տարիքը չի կարող գերազանցել 65 տարին։

Խնամատար ծնող հաշվառվելու նպատակով անհրաժեշտ է դիմել Ձեր բնակության վայրի մարզպետարան (Երևանում՝ Երևանի քաղաքապետարան)։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել