«Ազատություն». «Դոպինգ սփեյս» ընկերությունը երկու ամիս է՝ չի կատարում կառավարության պահանջը և Ջեննիֆեր Լոպեսի համերգի կազմակերպումից հետո պետբյուջե չի վերադարձնում ավելի քան 534 միլիոն դրամը։ Մյուս կողմից ԿԳՄՍՆ-ն 2024-25 թվականներին գործողություններ է ձեռնարկել, որ հնարավորություն են տվել «Դոպինգ սփեյս»-ին ազատվել համերգի հետաձգումից կուտակված հավելյալ տույժերից, տուգանքներից։ Չնայած այս ամենին՝ նույն կառավարությունը նույն ընկերության հետ մոտ 9 մլն դոլարի նոր պայմանագրեր է կնքել՝ այլ միջոցառում կազմակերպելու համար։
ԿԳՄՍՆ-ն համերգից տնտեսված 502 մլն դրամը ևս չի կարողանում հետ ստանալ
Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար հատկացված 2.3 միլիարդից «Դոպինգ սփեյս»-ը ծախսել է 1 մլրդ 816 մլն դրամ, համենայնդեպս, այդքանն է ԿԳՄՍՆ-ն համարել ընդունելի։ Ընկերությունը մնացած 502 միլիոն դրամը տնտեսել է, բայց ամիսներ շարունակ չի վերադարձնում պետությանը։ ԿԳՄՍՆ-ի պատասխանից, միաժամանակ, պարզ չի դառնում՝ նշված գումարը չի՞ ծախսվել, թե ծախսը համարվել է ոչ արժանահավատ։
Բացի այս, նախարարությունը 7.8 միլիոն դրամի տուգանք է պահանջում ընկերությունից՝ հաշվետվությունների ուշ ներկայացման համար, ինչպես նաև 24.3 մլն դրամ, որի միանվագ վճարման պարտավորություն ընկերությունը ստանձնել էր պայմանագրով։ Հունիսի 30-ին նախարարությունը դիմել է ընկերությանը՝ տնտեսված գումարի, տուգանքի ու միանվագ վճարման ենթակա գումարի վերադարձի համար (այդ ամենը միասին՝ 534 մլն դրամ)։ Մոտ 1.5 ամիս անց «Դոպինգ սփեյս»-ը առարկություններ է ներկայացրել իր այդ պարտավորության վերաբերյալ, որը նախարարությունը քննարկում է։ Փաստացի, եթե նախարարությունը հրաժարված չլիներ բանկային երաշխիքից, կարող էր դրանից գանձել այս գումարները։ Այժմ այս գումարների վերադարձնելու տարբերակներից մեկը դատական ճանապարհն է։
Անցած տարի՝ Լոպեսի երևանյան համերգից օրեր առաջ, «Ազատություն»-ն անդրադարձել էր կառավարության կողմից հաստատված նախահաշվի՝ տարբեր ուղղություններով կասկածելի ուռճացվածությանը։ «Դոպինգ սփեյս»-ի կողմից նախարարությանը ներկայացրած ֆինանսական հաշվետվության ամփոփաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեկ տարի առաջ քննադատված ծախսերի ուղղություններն ու չափերն իսկապես ուռճացված էին։
Օրինակ, սպասարկող անձնակազմի ծառայությունների համար կառավարությունը նախատեսել էր 121 միլիոն, ծախսվել է 105 միլիոնը։ Միլիոններ են տրամադրվել մի շարք ծառայությունների համար, որոնց կարիքը չի եղել, օրինակ՝ տրանսպորտային գործառնությունների մենեջեր՝ 2.5 միլիոն դրամով, արտիստի դիմավորման պատասխանատու՝ 1.3 մլն դրամով և այլն։ Բեմի ու բեմական սարքավորումների ուղղությամբ չի ծախսվել 9 միլիոն դրամ, համերգի կազմակերպման սարքավորումների գծով՝ 15.3 մլն դրամ, մարքեթինգային ծառայությունների գծով՝ 31.2 մլն։ 1 տարի առաջ հարցեր էին բարձրացել նաև զգեստափոխման սենյակի աշխատակիցների սննդի ապահովման հարցով, որ կազմել էր ավելի քան 3.8 մլն դրամ։ Այս ուղղությամբ ընդհանրապես ծախս չի եղել։
Եթե հիմք ընդունենք, որ կառավարությունը դրամաշնորհային պայմանագրով 2.3 մլրդ դրամ է հատկացրել ըստ նախահաշվի, իսկ ԿԳՄՍՆ-ն էլ պնդում է, որ 502 մլն դրամի շեղում կա նախահաշվից, կստացվի, որ կառավարությունն առնվազն 22 տոկոսի շեղմամբ նախահաշիվ է հաստատել ու միլիոնավոր դրամներ փոխանցել «Դոպինգ սփեյս»-ին։
«Դոպինգ սփեյս»-ն անպատասխան է թողել «Ազատության» հարցերը՝ գոյացած պարտավորությունների ու տույժերի, դրանք պետությանը վճարելու հարցերի վերաբերյալ։ 2026-ի ապրիլին ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը նախընտրել էր հարցերի պատասխանել Հանրային հեռուստաընկերության եթերում, հայտարարել, որ իրենց տրամադրված գումարի գրեթե կեսը հարկեր են վճարել պետությանը, գումարած զբոսաշրջիկների կողմից տնտեսական օգուտն ավելին է, քան տրամադրված գումարը։ «Ես չեմ համարի, որ համերգը թանկ է, ես կհամարեմ, որ դա բարձր արժեք ունի, բայց ամենակարևորը՝ արդարացվող»,- հայտարարել էր Սիմոնյանը։ «Դոպինգ սփեյս»-ի կայքում չկա ընկերության 2025-ի ֆինանսական հաշվետվությունը, հնարավոր չէ տեղեկանալ՝ ընկերությունը համերգի տոմսերի վաճառքից որքան եկամուտ է գեներացրել։
Մոտ 9 մլն դոլարի նոր պայմանագրեր՝ «Դոպինգ սփեյս»-ի հետ
Թեև ԿԳՄՍՆ-ի ու «Դոպինգ սփեյս»-ի միջև գումարի վերադարձի հետ կապված խնդիրներ են առաջացել, դա չի խանգարել, որ կառավարությունը ևս մեկ խոշորածավալ միջոցառում վստահի այս ընկերությանը: Պետական գնումների համակարգից տեղեկանում ենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունն արդեն իսկ 3.5 միլիարդի՝ ավելի քան 8.9 միլիոն դոլարի պայմանագրեր է կնքել «Դոպինգ սփեյս»-ի հետ՝ այս աշնանը Երևանում կայանալիք COP 17-ի համար․ նրանք են կազմակերպելու միջոցառումը, տրանսպորտային միջոցների ապահովումը, աուդիովիզուալ, գովազդային ծառայությունները, տեղեկատվական արշավը, գույքի ձեռքբերումը: Պայմանագիրը կնքվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդ որում, ինչպես համերգի դեպքում էր, այս անգամ էլ կառավարությունը գումարի 90 տոկոսը ընկերությանն է տրամադրելու նախապես և միայն 10 տոկոսը՝ միջոցառման ավարտին՝ հաշվետվությունների ներկայացումից հետո։
«Դոպինգ սփեյս» ընկերությունը հիմնադրվել է 2023-ին՝ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման որոշումից մեկ ամիս առաջ։ Ընկերության բաժնետերը ՄԱՊ ընկերության հիմնադիր, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին էր՝ Մակար Պետրոսյանը։ Նրանք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։
Պետական խոշոր պայմանագրեր ստացող «Դոպինգ սփեյս»-ի սկզբնական բաժնետեր Մակար Պետրոսյանը ընկերության հիմնադրումից հինգ ամիս անց դրա 100 տոկոսը փոխանցել է Հայկ Սիմոնյանին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































