«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Սուրեն Պապիկյանն օրեր առաջ արժանացել է Ստեփանավան համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը՝ «համայնքի քաղաքաշինությանը և բարգավաճմանը նպաստելուն ուղղված բացառիկ մեծ վաստակի համար»։
Ըստ համայնքապետի՝ «Սուրեն Պապիկյանը, պետական պաշտոն զբաղեցնելով հանդերձ, ոչ մի վայրկյան Ստեփանավանի խնդիրները չի անտեսել և համատեղ շատ-շատ-շատ ծրագրեր են իրականացրել»։
Սա կոռուպցիայի բացահայտ դրսևորում է։ Սուրեն Պապիկյանն արժանացել է այդ կոչմանը ոչ թե որպես «հայտնի ստեփանավանցի», այլ Ստեփանավան համայնքի քաղաքաշինությանը և բարգավաճմանը նպաստելու համար։ Այսինքն, լինելով պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը զբաղվել է Ստեփանավան համայնքի խնդիրներով, ենթադրաբար միջնորդել է պետական այլ պաշտոնյաներին՝ ավելի շատ ծրագրեր իրականացնել, ավելի շատ գումար հատկացնել։ Հնարավոր է նաև, օգտագործելով իր դիրքը, միջնորդել է նաև մասնավոր անձանց ներդրումներ կամ ծրագրեր կատարեն Ստեփանավանում, լուծեն համայնքի մեծ ու փոքր խնդիրները։ Չեմ կարծում՝ հանգստյան օրերին անձամբ գնացել և Ստեփանավանում շինարարական աշխատանքներով է զբաղվել։
Կարդացեք նաև
Փաստորեն, եթե Սուրեն Պապիկյանը չլիներ ստեփանավանցի, ապա կառավարությունը լավ աչքով չէր նայելու մեր հայրենիքի ամենահրաշք համայնքներից մեկին և այն զարգացել է պաշտպանության նախարարի ներգրավման շնորհիվ։
Սպասում եմ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի պարզաբանմանը, թե պաշտպանության նախարար լինելով հանդերձ՝ կոնկրետ ինչով է աջակցել Ստեփանավան համայնքի քաղաքաշինությանը և բարգավաճմանը։
Դիմում եմ իրավապահ մարմիններին՝ ուսումնասիրել, թե ինչպես է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աջակցել Ստեփանավան համայնքի քաղաքաշինությանը և բարգավաճմանը։


















































