Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրա հետ կքննարկի Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ձգտումները, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք նախկինի պես պնդում ենք, որ Հայաստանը չի կարող ձգտել Եվրամիությանն անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունից: Այս հարցը ինչ-որ կերպ պետք է հանգուցալուծել: Այս մասին նախագահն ու վարչապետը, անկասկած, կխոսեն»,- նշել է Պուտինի օգնականը:
Ուշակովը նաև ասել է, որ Կրեմլը մտահոգված է Հայաստանում Ռուսաստանի հետ ավելի լավ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից ընդդիմադիր առաջնորդների զանգվածային ձերբակալություններով:
«Զրույցը տեղի կունենա Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների անսովոր ֆոնի վրա», – ասել է ՌԴ նախագահի օգնականը, մանրամասնելով՝ նկատի ունի այն առաջնորդներին, ովքեր պաշտպանում են և պաշտպանել են Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը։ «Այս թեման, անկասկած, կքննարկվի։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գործողությունները մեզ մտահոգում են»,- հայտարարել է Յուրի Ուշակովը։
Կարդացեք նաև
Թարգմանությունը՝ «Ա1+»-ի


















































