Քանի որ նախընտրական ժամանակաշրջանում շատ էին քննարկումները, որ Ռուսաստանից Հայաստան քաղաքացիները գալիս են հատուկ ընտրություններին մասնակցելու նպատակով և երկրում երկար չեն մնալու, այսինքն՝ ընտրություններից հետո վերադառնալու են ՌԴ, այդ միտումները բացահայտելու նպատակով Factor.am-ն Ազգային անվտանգության ծառայությունից պարզել է նույն ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան մեկնումների վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ 2025-ի նույն օրերի համեմատ 2026-ի հունիսի 7-15-ին
– Հայաստանից բոլոր ուղղություններով մեկնել է ընդհանուր առմամբ 3,112-ով ավելի քիչ ՀՀ քաղաքացի, ընդհանուր՝ 51,777,
– Հայաստանից Ռուսաստան մեկնել է 608-ով պակաս ՀՀ քաղաքացի, ընդհանուր՝ 7202 անձ,
– իսկ ընդհանուր առմամբ Հայաստանից Ռուսաստան մեկնել է 6,415-ով ավելի շատ մարդ՝ 40,343 հոգի։
Կարդացեք նաև
Նկատենք նաև, որ պարտադիր չէ, որ Ռուսաստանից Հայաստանից ժամանած ՀՀ քաղաքացին կամ երկքաղաքացին վերադարձել է նույն Ռուսաստան։
Ավելին՝ ըստ ԱԱԾ-ի, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ նաև պահանջ, որ ՀՀ երկքաղաքացին ՀՀ-ից մեկնելիս պարտավոր է ներկայացնել միայն այն անձնագիրը, որով մուտք է գործել ՀՀ։ Ասել է թե՝ երկքաղաքացիների մի մասը տեսականորեն կարող է երկիր մուտք գործել ՀՀ անձնագրով, իսկ Հայաստանից մեկնելիս՝ ներկայացնել ՌԴ անձնագիրը կամ հակառակը։
Փաստացի ստացվում է, որ սահմանահատումների վիճակագրությունը չի հաստատում այն պնդումները, թե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ եղել է ՀՀ քաղաքացիների զանգվածային ներհոսք Հայաստան։ Մայիսի 1-ից հունիսի 7-ը բոլոր երկրներից Հայաստան ընդհանուր ժամանումների թիվն աճել է, սակայն նույն ժամանակահատվածում բոլոր ուղղություններից ՀՀ քաղաքացիների ժամանումները նախորդ տարվա համեմատ նվազել են։ Ու թեև Ռուսաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը, հակառակը, աճել է, սակայն դա ինքնին թույլ չի տալիս պնդել, որ նրանք Հայաստան են եկել ընտրություններին մասնակցելու նպատակով։
Միևնույն ժամանակ, սահմանահատումների տվյալները թույլ չեն տալիս նույնականացնել երկքաղաքացիների շարժը և պարզել, թե կոնկրետ որ անձնագրով են նրանք հատել սահմանը։
Հետևաբար, առկա վիճակագրությունից կարելի է փաստել Ռուսաստանից Հայաստան ՀՀ քաղաքացիների որոշակի աճ, բայց ոչ՝ հաստատել ընտրություններին մասնակցելու նպատակով «100 հազարավոր մարդկանց» Հայաստան տեղափոխելու մասին պնդումները։ Իսկ ընտրական նպատակով Հայաստան ժամանածների իրական թիվը միայն սահմանահատումների վիճակագրությամբ պարզել հնարավոր չէ։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































