Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց պետականության համար կործանարար է միակողմանի կախվածությունն Ադրբեջանից եւ Թուրքիայից, եւ այստեղ է, որ շատ կարեւոր է Իրանի դերը»․ Լեւոն Զուրաբյան

Սեպտեմբեր 01,2026 15:50 Share

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության միջեւ այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ Այն ստորագրեցին ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ու «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեինին։

Լեւոն Զուրաբյանն աննախադեպ համարեց այս հուշագիրը։ «Իրանի հետ պատմական մշակութային, տնտեսական եւ քաղաքական հարաբերություններն, առանց չափազանցության, հազարավոր տարիների ընթացք ունեն։ Հայ եւ իրանցի ժողովուրդները ոչ միայն բարեկամական, այլ նաեւ եղբայրական ժողովուրդներ են։ Անկախությունից ի վեր՝ Իրանը բավականին մեծ դեր է խաղացել Հայաստանի անկախության ամրապնդմանը նպաստելու գործում։ Իրանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում ի սկզբանե եղել է շատ հավասարակշռված՝ Իրանը ձգտել է հարեւանների միջեւ խաղաղություն հաստատելուն։ Եվ Իրանն ամեն ինչ արել է, որպեսզի խաղաղարար դեր խաղա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իրանն ուղղակի փայփայում է հայ փոքրամասնությանը՝ ստեղծելով հայերի համար արտակարգ լավ պայմաններ՝ հարգելով նրանց իրավունքներն ու ինքնությունը»,- ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ ամենակարեւորն այն է, որ Իրանը Հայաստանի համար կենսական ճանապարհ է դեպի արտաքին աշխարհ։ «Իրանն ուղղակի կյանքի ճանապարհ է, դա այդպես է եղել 1990-ական թվականներին, երբ եղել են պահեր, երբ Իրանը եղել է մեր միակ հնարավորությունը՝ դուրս գալու դեպի արտաքին աշխարհ։ Մենք պետք է գիտակցենք, որ ոչ մի բան չի փոխվել՝ Իրանը հիմա էլ շարունակում է մնալ մեր կենսական ճանապարհը՝ դեպի արտաքին աշխարհ»,- հավելեց նա։

Ըստ Զուրաբյանի՝ իհարկե, Հայաստանին պետք է հաշտություն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, եւ ամեն ինչ պետք է անել, որ այդ ուղղությամբ գործընթացները շարունակվեն։ «Բայց մենք նաեւ պետք է հասկանանք, որ չի կարող այդ խաղաղությունը կառուցված լինել Հայաստանի միակողմանի կախվածության վրա Ադրբեջանից։ Ցավոք սրտի, այն բանաձեւը, որը մեզ հիմա առաջարկում են, հենց դրա վրա է կառուցված։ Այսինքն՝ դա մի համակարգ է, ըստ որի՝ մեր բոլոր ռազմավարական ուղիները պետք է անցնեն Ադրբեջանով, եւ անգամ այն պրոգրեսիվ զարգացումները, որոնք կապված են արհեստական բանականության գործարանների հիմնման հետ, նույնպես տեղավորվում են մի ենթակառուցվածքի մեջ, որի կոմունիկացիոն բաղադրիչը նորից անցնում է Ադրբեջանի միջոցով։ Հայոց պետականության համար միակողմանի կախվածությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից կործանարար է։ Եվ այստեղ է, որ շատ կարեւոր է Իրանի դերը։ Մենք փոխադարձաբար իրար պետք ենք»,- նշեց Զուրաբյան։

Նա ասաց, որ իրանական կողմի հետ քննարկել են նաեւ Հայաստանն Իրանի հետ կապող երկաթուղու նախագիծը, Հայաստանի եւ Իրանի միջով անցնող տվյալների փոխադրման հզոր մալուխային համակարգի կառուցման հարցը։ «Այսօր խոսում ենք նաեւ արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին։ Այսինքն՝ հայ-իրանական համագործակցության հնարավորություններն անսահման եւ անփոխարինելի են։ Մեզ միակողմանի լուծումներ պետք չեն, մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանը լինի կամուրջ Արեւմուտքի ու Արեւելքի, նաեւ Հյուսիսի ու Հարավի միջեւ։ Դա մեր անկախության ու զարգացման գլխավոր երաշխիքն է։ Հետեւաբար, մենք մեծ հետաքրքրություն ունենք Իրանի հետ հարաբերությունների զարգացման, համատեղ նախագծերի իրականացման հարցում։ Եվ այսօրվա փաստաթուղթը ֆիքսում է այն, որ մենք ցանկանում ենք այդ երկկողմանի օրակարգն առաջ տանել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով հարցին, թե այս համագործակցության համատեքստում որտե՞ղ է մնում ԹՐԻՓՓ նախագիծը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց․ «ՀԱԿ դիրքորոշումն այս հարցում մենք ներկայացրել ենք նաեւ ընտրարշավի ժամանակ։ Մենք համարում ենք, որ ԹՐԻՓՓ-ը միակողմանի աշխարհաքաղաքական մոդելի վրա կառուցված լուծում է, որը հնարավորություններ է տալիս այդ համագործակցության մեջ մտած երկրներին, բայց, ցավոք սրտի, Հայաստանին վերագրում է ընդամենը տարածքային միջանցքի դեր։ Մենք համարում ենք, որ Հայաստանը միակողմանի ինտեգրվելով այդ աշխարհաքաղաքական օրակարգի մեջ, ըստ էության կորցնում է իր աշխարհաքաղաքական դերը եւ որպես պետական կամք ունեցող պետություն՝ այլեւս գոյություն չի ունենա, որովհետեւ միակողմանի դաժան կախվածության մեջ է ընկնում Ադրբեջանից»։

Զուրաբյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ ծրագիրը, ըստ որի՝ նաեւ պետք է կառուցվի երկաթուղի, որը կկապի Հայաստանն Իրանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Լեւոն Զուրաբյանը հավելեց․ «Մենք չենք հակամարտելու ՀՀ իշխանության հետ Իրանի հետ համագործակցության հարցում։ Մենք առաջարկելու ենք համագործակցության ձեւեր»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել