Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շահագրգիռ է ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմամբ. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 01,2026 22:41 Share

Բիշքեկում ավարտվել է Փաշինյան֊Պուտին հանդիպումը

«Ուզում եմ հաստատել, որ մենք շահագրգռված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա խորացմամբ», — Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատված, պետք է իրավիճակին թարմ հայացքով նայել, եւ կարծում եմ, դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը: Շատ ռուսական ընկերություններ շատ հաջողությամբ գործում են Հայաստանում, մուծում են հարկեր, բայց կան ընկերություններ, որոնք շահութաբեր չեն, եւ դա խնդիր է եւ Հայաստանի եւ Ռուսաստանի համար:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, այդ հարցը շատ է քննարկվում: Անցած տարի մենք օրենք ընդունեցինք օրենք՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ: Քննարկվում է, թե որքանով է այդ օրենքի ընդունումը համապատասխանում ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը: Մենք վերլուծեցինք պայմանագրային բազան, եւ ճիշտն ասած, չգտանք ՌԴ-ի եւ ԵԱՏՄ-ի հանդեպ որեւէ պայմանագրի խախտում»:

Նա նաեւ ասել է, որ ԵԱՏՄ-ի կանոնադրության մեջ չկա որեւէ տող, որ կարելի է հանել որեւէ երկրի ԵԱՏՄ-ից: Իսկ եթե երկիրն ուզում է դուրս գալ ԵԱՏՄ-ից, պետք է վեց ամիս առաջ այդ մասին հայտնի. «Մենք այս պահի դրությամբ մեր գործընկերներին չենք տեղեկացրել, որ ուզում ենք դուրս գալ ԵԱՏՄ-ից: Այդ տեսանկյունից է պետք նայել»: (Այստեղ Պուտինը բազմանշանակ հազում է):

Փաշինյանը ավելի խուճուճ եզրահանգում արեց, ասելով, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը ընդունելով իրենք փակել են ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անելու հարցը, քանի որ այդ օրենքը քաղհասարակությունն էր նախաձեռնել՝ հավաքելով քաղաքացիների ձայները. «Եթե պառլամենտը չընդուներ այդ օրենքը, նախաձեռնողները կհավաքեին ավելի շատ ձայներ, եւ եթե էլի չընդունեինք այդ օրենքը, պիտի հանրաքվե անցկացնեինք: Ստացվում է, որ այդ օրենքն ընդունելով՝ մենք հրաժարվեցինք հանրաքվեի գաղափարից: Իսկ ինչու հրաժարվեցինք, որովհետեւ այդ հարցը դեռ չէր հասունացել այնքան, որ մեր ժողովրդի առաջ դնեինք այդ հարցը: Ինչո՞ւ ընդունեցինք այդ օրենքը: 1. Որպեսզի հանրաքվե չանցկացնենք, 2. մենք ուզում ենք, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը ունենա այլընտրանք: Դա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք ԵԱՏՄ-ից: Լեգիտիմ նպատակ է՝ այլընտրանք ունենալը երկրի համար: Այդ պրոցեսը ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի դեմ չէ, քանի որ շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ՌԴ հետ»:

Պուտինը հակադարձեց՝ ասելով, որ օրենքի ընդունում՝ այլ տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ, նշանակում է ցույց տալ դիրքորոշում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, եւ առաջարկեց այդ մասին քննարկել:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել