Չեմ ուզում փորփրել ոչ վաղ անցյալը, բայց ամեն սկսվեց Ղարաբաղի խնդրից. Պուտինը մեկնաբանել է Փաշինյանի` ՀԱՊԿ–ի մասին հայտարարությունները
Արցախի մասին
«Այս ամենը սկսվեց Ղարաբաղի խնդիրներից։ Հայաստանի ղեկավարությունը, ինքը՝ վարչապետը, Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթ եւ ընդունեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այդ պահից մեր դիրքորոշումն այս հարցում շատ երկակի բնույթ ստացավ։ Ի՞նչ, մենք կարո՞ղ ենք միջամտել կամ պե՞տք է միջամտեինք Ադրբեջանի ներքաղաքական գործերին։
Արեւմտյան գործիչները (հիմա անուններ չեմ տա) ինձ ակտիվորեն ասում էին, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է։ Նրանք ինձ ասում էին. «Մենք կանենք այնպես, որ ապահովենք այնտեղ բնակվող հայ բնակչության իրավունքներն ու շահերը»։ Ես էլ ասում էի. «Ոչինչ չեք ապահովի, մարդիկ պարզապես կհեռանան եւ վերջ»։ Թեեւ նախագահ Ալիեւն այդ մարդկանց ոչ մի վատ բան չի անի։ Նա ժամանակակից, կիրթ մարդ է, փորձելու է ապահովել նրանց շահերը, բայց նրանք միեւնույն է չեն մնա։ Այդպես էլ եղավ։
Կարդացեք նաև
Բայց դրանից հետո բավականին բարդ է պատասխանատվություն ստանձնել այս բոլոր իրադարձությունների համար, եւ «հարմար պահին» հայտնվեց Ռուսաստանը։
Չեմ ուզում ոչ մեկին ոչնչում մեղադրել։ Իրադարձությունների տրամաբանությունն այնպիսին էր, ինչպիսին կար։ Բայց Հայաստանի ներկայիս ղեկավարության այս որոշումը, թերեւս, նաեւ դրական կողմեր ունի։ Կարելի է շրջել էջը եւ առաջ գնալ առանց հակամարտությունների, մարդկանց տեղավորել նոր բնակավայրում, ապաշրջափակել ենթակառուցվածքը, տնտեսության մեջ սկսել նոր կյանք, բացել սահմանները ներդրումների համար եւ այլն։ Դրական կողմերն էլ քիչ չեն»։
ԵԱՏՄ-ի մասին
«Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին… Ես այսօր ասացի՝ դե, եթե դուք որոշում եք կայացրել շարժվել դեպի ԵՄ, խնդրեմ։ Դա ցանկացած երկրի ինքնիշխան որոշումն է։ Բայց մենք ունենք տարբեր նորմեր՝ ֆիտոսանիտարական, տեխնիկական տարբեր ստանդարտներ։ Մենք ընդհանրապես շատ բաներ ունենք, որոնք անհամատեղելի են։ Եվ երբ վարչապետն ասաց, որ «մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չենք ներկայացրել»… Դե, չգիտեմ․․․ Ես ասում եմ՝ «Բայց ինչպե՞ս, եթե դուք օրենք եք ընդունել… Նրանք օրենք են ընդունել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Դա նշանակում է՝ դուք մեզ հայտարարել եք այն մասին, որ ինչ-որ հեռանկարում դուրս եք գալու ԵՏՄ-ից։
Ես անկեղծ կասեմ, այստեղ գաղտնի ոչինչ չկա… ԵՏՄ շրջանակներում Հայաստանը, իհարկե, բավականին մեծ արտոնություններ է ստանում։ Այդ երկիրը ձգտելու է որոշակի չափով օգտագործել ԵՏՄ-ի և Ռուսաստանի հետ համագործակցության բոլոր օգուտները, ապա ձգտելու է այստեղից հեռանալ… Դե, թող դա ազնվորեն ասեն՝ ինչ են ուզում, որոնք են իրենց նպատակները»,- ասել է Պուտինը։
ՀԱՊԿ-ի մասին
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այստեղ նույնպես առանձին պատմություն է։ Նիկոլ Վովաևիչը թեև ասում է՝ պետք չէ սա հիշել… գտնում էր, որ ՀԱՊԿ-ը պետք է ծածկի սահմանի որոշակի հատվածներ։ Իսկ ՀԱՊԿ բոլոր անդամներն ասում են․ «Ո՛չ, դե սա բոլորովին այլ պատմություն է՝ սահմանի որոշակի հատվածներ ծածկելը»։ Սահմանազատում չկա՛։ Սահմանի վերաբերյալ որևէ պայմանագիր չկա, չի՛ եղել։ Եվ հիմա էլ չկա։ Ադրբեջանը գտնում է, որ սահմանն անցնում է ահա այս հատվածով, իսկ Հայաստանը՝ այս։ Այնտեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք իսկապես փորձագիտական գնահատական են պահանջում»։
Գյումրիում ռազմակայանի մասին
«Եթե Հայաստանը կարծում է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարիք չունի, մենք հենց վաղն էլ կհեռանանք»,- ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Բայց ՀՀ-ն դրան պատրա՞ստ է, մենք ոչ մի բան չենք պարտադրի։ Եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ լինի ռուսական բազա, ապա մենք կմնանք և կաշխատենք ու կգործակցենք»,– նշել է ՌԴ նախագահը։
Երկաթուղու մասին
«Այնտեղ կան նաև կոնկրետ հարցեր։ Երկաթուղին, օրինակ, չէ՞: Այն մեզ մոտ վարձակալության է տրված, կոպիտ ասած։ ․․․Նման ենթակառուցվածքի մեջ ներդրումները կախված են փոխադրումների ծավալից։ Փոխադրումների ծավալ կա՝ կլինեն ներդրումներ և՛ մեր կողմից, և՛ ում կողմից ասես։ Փոխադրումների ծավալ չկա՝ ներդրումներ չեն լինի, զարգացում չի լինի»։
Փաշինյանի մասին
Պուտինը հայտնել է, որ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա, որպեսզի նստեն և քննարկեն տարբեր կետեր. «Նիկոլ Վովաևիչն առաջարկեց մեր համատեղ աշխատանքը յուրաքանչյուր ուղղությամբ խիստ վերլուծության ենթարկել։ Ես համաձայն եմ։ Ես նրան հրավիրել եմ Մոսկվա, որպեսզի առանց շտապելու՝ երկուսով, իր մասնագետների և մեր կառավարության մասնագետների հետ նստենք ու յուրաքանչյուր կետով անցնենք»։



















































