Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակավոր սառեցրել ենք Արցախի ԱԺ նախագահ ընտրելու հարցը»․ Գագիկ Բաղունցը չհերքեց, որ ՀՀ իշխանության կողմից ճնշումներ կան

Սեպտեմբեր 02,2026 12:15 Share

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով այսօր Արցախի իշխանության ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, հասարակական եւ քաղաքական գործիչներ այցելեցին Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ խոնարհեցին «Արցախի կանչը» հուշակոթողին։

Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ստեղծված իրավիճակում, նկատի ունեմ եւ ՀՀ-ում տիրող մթնոլորտը, եւ ՀՀ շուրջ տարածաշրջանում ընթացող գործընթացները, բավականին բարդ խնդիր ունենք Արցախի հարցն օրակարգում պահելու։ Այնուամենայնիվ, այսօր մենք, նկատի առնելով Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող սպառնալիքները, մեր բոլոր քայլերը հաշվարկված ենք անում։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փորձում ենք օրակարգային պահել Արցախի հարցը։ Արցախի հարցը ոչ միայն քաղաքական բաղադրիչ ունի, այլ նաեւ ունի սոցիալ-տնտեսական, իրավական, ինչո՞ւ չէ՝ հումանիտար բաղադրիչներ։ Եվ բոլոր այդ ուղղություններով մենք փորձում ենք գործունեություն ծավալել՝ առաջնային խնդիր ունենալով արցախահայության ծանր վիճակից ելք փնտրելու ուղղությամբ աշխատանքները»։

«Առավոտ»-ի հարցին, թե ինչո՞ւ Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին չի հաջողվում նիստ գումարել ու Արցախի ԱԺ նախագահ ընտրել,  Գագիկ Բաղունցը պատասխանեց․ «Ինձ համար այդպես էլ գաղտնիք մնաց՝ որտեղի՞ց է այդ տեղեկությունը, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները չեն հավաքվում կամ էլ քվորում չի ապահովվում, ինչի մասին տարբեր լրատվամիջոցներ տեղեկացնում են։ Նման խնդիր չկա, կան բավականին լուրջ քննարկումներ, որոնք նկատի են առնում եւ մեր ամբողջ պոտենցիալը՝ թե քաղաքական, թե հանրային եւ հաշվի են առնում Հայաստանի Հանրապետությունում տիրող մթնոլորտը եւ այն մարտահրավերները, որոնք կան։ Մենք բոլոր այդ հանգամանքները նկատի ունենալով՝ ժամանակավոր այդ հարցը սառեցրել ենք։ Էլի եմ կրկնում՝ բռնի տեղահանումից եւ Հայաստան տեղափոխվելուց հետո մենք մեր բոլոր քայլերը հաշվարկում ենք եւ ծրագրավորում ենք։ Մենք, կորցնելով Արցախը եւ մեզ համարելով մի կողմից Արցախի, մյուս կողմից ՀՀ քաղաքացիներ, փորձում ենք մեր բոլոր քայլերը պլանավորել այնպես, որ հանկարծ չվնասենք Հայաստանի Հանրապետությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե ՀՀ իշխանությունների կողմից ճնշումներ կա՞ն Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ, Բաղունցը պատասխանեց․ «Երեւի դուք ինքներդ այդ հարցի պատասխանը շատ լավ գիտեք՝ դիտելով այն ելույթները եւ հայտարարությունները, որոնք հնչում են տարբեր հարթակներում։ Մենք պատրաստ ենք նման ճնշումներին, թե դա կարելի է ճնշում ասել։ Մենք, իհարկե, կուզենայիք, որ ՀՀ իշխանությունները ավելի ակտիվ օժանդակեն մեր բոլոր հարցերին, որոնք վերաբերում են Արցախի ժողովրդին։ Բայց ունենք այն, ինչ ունենք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել