Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ այն, որ Արևմուտքը աչք է փակում, դա փաստ է. «Իսկ ինչո՞ւ պետք է արևմտյան կառույցները պաշտպանեն քաղաքական գործիչների, որոնք Ռուսաստանի շահն են պաշտպանում և Ռուսաստանի ազդեցության գործակալներ են։ Քաղաքականությունն իրավունք չէ, և օտար պետություններն էլ միջազգային իրավական կազմակերպություններ չեն, որ իրենց համար կապ չունենա, թե ում դեմ են այդ քայլերը, հալածանքները կատարվում են»։
«Շանտաժ կոպիտ է հնչում, բայց, որ այդպիսի պայման կա Արևմուտքի կողմից, որ իրենք պատրաստ են հայկական երկաթուղիներում լուրջ ներդրումներ կատարել և արդիականացնել երկաթուղին, եթե այն չլինի ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո, դա փաստ է։ Եվ Նիկոլ Փաշինյանը փորձում է հասնել նրան, որ դադարեցնի Ռուսաստանի կոնցեսիոն կառավարումը»,-«Առավոտի» հարցին՝ համամի՞տ եք, որ ինչպես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է հայտարարել Երևանին բազմամիլիոնանոց ներդրումներ են խոստանում՝ փոխարենը պահանջելով վերացնել, այսպես կոչված, ռուսական գործոնը, և այդպիսով հավանականությունը մեծ է, որ ՀՀ ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Ըստ նրա՝ սա տրամաբանական է այն առումով, որովհետև Արևմուտքը Ռուսաստանին թշնամի է դիտարկում և չի պատրատվում ներդրումներ անել մի ոլորտում, որից օգտվելու է ՌԴ-ն, այլ ոչ թե ՀՀ-ն. «Բացի այդ, ՌԴ-ն կարող է տարբեր ձևերով նաև տորպեդահարել այդ երկաթուղային հանգույցը, որը պատրաստվում են ստեղծել. մասնավորապես խոսքը ԹՐԻՓՓ-ի մասին է։ Այնպես որ, տրամաբանական չի լինի, որ Արևմուտքը մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում կատարի մի ենթակառուցվածքի մեջ, որը գտնվում է իր թշնամական պետության կոնցեսիոն կառավարման ներքո»։
Հարցին՝ Արևմուտքի՝ այդպիսի ներդրումներ կատարելու մտադրությունը կառաջանա՞ր այն դեպքում, եթե չլիներ Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականությունը և Հարավային Կովկասից նրան դուրս մղելու մտադրությունը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ մի տասը տարի առաջ հնարավոր է նաև այս հարցերում կոշտ դիրքորոշում չունենար Արևմուտքը, հնարավոր է նաև ներդրումներ կատարեր հայկական երկաթուղում այն առումով, որ այն կոնցեսիոն կառավարման ներքո է։ Բայց հիմա Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն իրենց լարվածության գագաթնակետին են, և իրավիճակ է փոխվել, չեն պատրաստվում ներդրումներ կատարել հայկական երկաթուղում»։
Կարդացեք նաև
Փաստմանը՝ ընդդիմադիր ուժերը պնդում են, որ վերջին կալանավորումները քաղաքական դրդապատճառներով են և ուղիղ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իսկ Արևմուտքը աչք է փակում իրավական այդ ապօրինությունների վրա նրա համար, որ Փաշինյանն իրականացնում է իրենց հակառուսական ծրագիրը և հարցին՝ Դուք էլ նման տպավորություն ունե՞ք, որ արևմտյան տարբեր կառույցներ իրենց չեզոք են պահում այս հարցերի վերաբերյալ, մինչդեռ տեղին կլիներ նրանց արձագանքը, քաղաքագետը պատասխանեց. «Այն, որ աչք է փակում, դա փաստ է, իսկ ինչո՞ւ պետք է արևմտյան կառույցները պաշտպանեն քաղաքական գործիչների, որոնք Ռուսաստանի շահն են պաշտպանում և Ռուսաստանի ազդեցության գործակալներ են։ Քաղաքականությունն իրավունք չէ, և օտար պետություններն էլ միջազգային իրավական կազմակերպություններ չեն, որ իրենց համար կապ չունենա, թե ում դեմ են այդ քայլերը, հալածանքները կատարվում են։ Քաղաքականության մեջ կա երկակի ստանդարտ կոչվածը. դա որևէ մեկը չի էլ վերացրել։ Այո, իրենք աչք են փակում, և զարմանալի է, որ ընդդիմադիր գործիչներն Արևմուտքից են բողոքում՝ առավոտից երեկո սպասարկելով Ռուսաստանի շահը։ Իսկ ինչո՞ւ պահանջներ չեն ներկայացնում Ռուսաստանին, չէ՞ որ նրանք ռուսամետ գործիչներ են և շատ դեպքերում հենց ռուսական շահերն են սպասարկել։ Նույն Ռոբերտ Քոչարյանը ՀՀ ամենառուսամետ նախագահն է համարվում, Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում բացահայտ ռուսամետ հայտարարություններ էր անում։ Դա եղել է նաև այլ երկրներում, երբ ակնհայտ ռուսամետ գործիչներին հալածել, դատել են, Արևմուտքն աչք է փակել։ Այդպես էլ լինելու է»։
Հակադարձմանը՝ ստացվում է, որ եթե այսպես ասած՝ ռուսամետ գործիչ է, ուրեմն մարդու իրավունքներն իրեն չե՞ն վերաբերվում՝ ըստ Արևմուտքի և դրա համար էլ չեն դատապարտում, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Քաղաքականության մեջ միշտ եղել են երկակի ստանդարտներ։ Այդ թվում նաև Արևմուտքն էլ է երկակի ստանդարտներով առաջնորդվում։ Որևէ մեկը չի իդեալականացնում Արևմուտքին։ Տարբեր պետական, քաղաքական գործիչներ միշտ երկակի ստանդարտներով են առաջնորդվել՝ հաշվի առնելով իրենց շահերը։ Եթե շատ ակնհայտ, կոպիտ ոտնձգություն լինի այդ գործիչների նկատմամբ, այդ ժամանակ Արևմուտքը կխառնվի, իհարկե, տեսականորեն եմ ասում»։
Հարցին՝ ճնշումները կզարգանա՞ն, թե՝ այսքանով կսահմանափակվեն, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ կլինի շարունակելի, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ժամանակ արդեն բաց տեքստով խոսում էր այդ մասին, ասում էր՝ երազելու են ՀՀ-ից փախչելու մասին։ Ասաց, որ ունեզրկելու է։ Այստեղ այլ ենթատեքստ էլ կա։ Եթե ՀՀ-ՌԴ հարաբերությունները լինեին մինչև 2020-ի հարաբերությունները, նույնիսկ այսքանից հետո ոչ Քոչարյանի, ոչ Ծառուկյանի հետ այսպիսի կոպիտ ձևերով Նիկոլ Փաշինյանը չէր վարվի, բայց քանի որ նաև անձնական մակարդակում են շատ լարված Փաշինյան-Պուտին հարաբերությունները, նա նաև մարդկանց, որոնք Պուտինի կողմնակիցներն են, փորձում է ճնշել»։
Փաստմանը՝ իրավապաշտպանները վտանգ են տեսնում, որ այսպիսով ՀՀ-ն գնում է բռնապետության ճանապարհով, և ԵՄ-ում մեզ այսպես չեն ընդունելու, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Եթե խորանա այս երևույթը, իհարկե, Արևմուտքն էլ մտահոգություն կհայտնի և Փաշինյանին կասի, որ դա անընդունելի է։ Ռուսամետ քաղաքական գործիչների մասով Արևմուտքը աչք կփակի, բայց եթե նույն կերպ Նիկոլ Փաշինյանը տեսականորեն վերաբերվեր նույն Արման Թաթոյանի, Հայկ Մարությանի կամ այլ ընդդիմադիր գործիչների դեմ, Արևմուտքից ամեն դեպքում հայտարարություններ կլինեին։ Տվյալ դեպքում Արևմուտքը չի պատրաստվում պաշտպանել Ռուսաստանի շահը սպասարկող քաղաքական գործիչներին։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտել իրավապահ համակարգի աշխատանքներին, սա մտահոգիչ է։ Ես չեմ քննադատում իրավապաշտպաններին, որոնք այս հարցերում մտահոգություն են հայտնում, նույնիսկ, եթե մեր ամենաչսիրելի քաղաքական գործիչներին են ձերբակալում։ Դրա համար ես իրավապաշտպանների մտահոգությունը նորմալ եմ համարում և, բնականաբար, այդ իրավապաշտպանները պետք է պաշտպանեն ցանկացած մարդու իրավունքը։ Իրավապաշտպանները նաև մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը չարաշահում է իր իշխանությունը, իրավապահներին կարգադրություններ է տալիս և այլն։ Համաձայն եմ, որ սա անընդունելի է, և պետք է փորձեն հասարակությունը, իրավապաշտպանները, ընդդիմադիր քաղաքական գործիչները զսպումների հակակշիռներ ստեղծել, որ Նիկոլ Փաշինյանի մոտ գայթակղություն չառաջանա չարաշահել իր իշխանությունը և հրահանգներ տալ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.09.2026


















































