Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանի՝ Եվրամիության (ԵՄ) անդամակցությանը, միայն խնդրում է դա չանել Մոսկվայի հաշվին, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի»-ի լրագրող Մարիա Կուդրյավցևային տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանը պետք է իր համակարգերը համապատասխանեցնի եվրոպական պահանջներին։
«Եվրոպայի հետ կլինեք, իհարկե, մաքսատուրքեր կլինեն, էլ ինչպե՞ս։ Հասկանալի է, որ այլևս չեն լինի այն արտոնությունները, որոնք այսօր կան՝ թե՛ ավիացիայի, թե՛ ավտոմոբիլային տրանսպորտի, թե՛ երկաթուղային հաղորդակցության ոլորտներում։
Հասկանալի է՝ մենք կդադարենք ճանաչել ձեր սերտիֆիկացումը։ Հասկանալի է, որ դուք, հավանաբար, նույնիսկ՝ հաստատ, այնտեղ ստիպված կլինեք ընդառաջ գնալ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ոլորտում եվրոպական պահանջներին։
Կարդացեք նաև
Դուք այնտեղ կգնաք, եթե ձեզ այնտեղ թողնեն, որովհետև նրանք գեղեցիկ խոսքեր են ասում», – ասել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետի կարծիքով՝ Հայաստանը ստիպված կլինի ներդրումներ կատարել՝ իր տնտեսությունը եվրոպական չափանիշներին համապատասխան վերակառուցելու համար։
«Հիմա Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է համապատասխան փաստաթուղթ ընդունել, որով նրանք երկու տարով ազատում են հայերին մաքսատուրքերից։ Դա գեղեցիկ է հնչում, բայց դրան դեռ պետք է ուղեկցեն որոշակի ներդրումներ, որպեսզի հայկական արտադրանքը, հայկական տնտեսությունը վերակառուցվի և արդեն սկսի աշխատել եվրոպական չափանիշներով։
Խնդրեմ, սա երկար ճանապարհ է, սկսե՛ք։ Մենք չենք խոչընդոտում, պարզապես՝ ոչ մեր հաշվին», – հավելել է նա։
Օվերչուկը նաև նշել է, թե Արևմուտքը՝ Հայաստանն ընդդեմ Ռուսաստանի որպես զենք օգտագործելու փորձի մասին։ Նրա խոսքով՝ Երևանը պետք է որոշի՝ արդյոք դաշնակցում է Ռուսաստանի՞ հետ, թե ակնկալում է արևմտյան երկրների աջակցությունը։


















































