ՄԻԵԴ-ը ճանաչել է հավաքների ազատության իրավունքի խախտումը «Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով այսօր կայացրել է վճիռ, որով ճանաչել է դիմումատու Գոհար Սարգսյանի հավաքների ազատության իրավունքի խախտումը։
Գործը վերաբերում է 2015 թվականի փետրվարի 11-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների բողոքի ակցիան ոստիկանության ծառայողների կողմից բռնի ուժով ցրելու միջադեպին։
Ոստիկանները պահանջել են ակցիայի մասնակիցներին հեռանալ նախագահական նստավայրի մայթից։
Կարդացեք նաև
Երբ ծնողները հրաժարվել են պահանջը կատարել, ոստիկանները սկսել են հրել ծնողներին։ Նրանք Գոհար Սարգսյանին բռնել են ոտքերից ու ձեռքերից և, քարշ տալով, տեղափոխել դիմացի մայթ։ Ոստիկանների գործողությունների հետևանքով Գոհար Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա ուշաթափվել է։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ այս գործողությունների հետևանքով տեղի է ունեցել Գոհար Սարգսյանի հավաքների ազատության իրավունքի խախտում։
Դատարանը վճռով պահանջել է Հայաստանին դիմումատուին վճարել 9,000 եվրո՝ որպես խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Դիմումատուի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացրել են փաստաբաններ Արաքս Մելքոնյանը և Հայկուհի Հարությունյանը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ


















































