Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում արդեն 9-րդ անգամ բացվեց Գրքի երևանյան միջազգային փառատոնը: «Շատ հաճելի է գրքի փառատոնի հագեցած եւ բազմաբովանդակ ծրագրի բացումն անել մի դահլիճում, որտեղ արդեն տեղի են ունեցել շատ կարեւոր միջոցառումներ»,-ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ամեն տարի փառատոնային օրերը վկայում են, որ քաղաքը կարդում է:
Գրքի երևանյան միջազգային փառատոնի տնօրեն Անի Ղազարյանն ասաց, որ երախտապարտ է բոլոր մարդկանց, ովքեր որեւէ ներդրում ունեն փառատոնի պատմության մեջ: Նա առանձնացրեց 3 առանցքային փոփոխություն, որոնք տեղի են ունեցել փառատոնի կյանքում վերջին 3 տարիներին: Առաջինն այն է, որ փառատոնը դարձել է միջազգային, երկրորդը համագործակցությունն է հայ եւ միջազգային հրատարակիչների հետ (fellowship)․ առերես հանդիպումները: Այս տարի Հայաստան ժամանած հրատարակիչները Ֆրանսիայից են, Ուկրաինայից, Սլովենիայից, Հունգարիայից, Վրաստանից եւ Իրանից: Երրորդը գրական մրցանակի համակարգի փոփոխությունն է. ստեղծագործությունները ժյուրիին հանձնվում են բացառապես կոդավորված համակարգով՝ բացառելով հեղինակի ինքնության ազդեցությունը մրցանակաբաշխության վրա: Անի Ղազարյանը փաստեց նաեւ, որ փառատոնը ստեղծել է Սարոյանի անվան արձակի միջազգային մրցույթ եւ արեւմտահայ արձակի միջազգային մրցույթ:
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ 2022 թվականից Երեւանի քաղաքապետարանը կենտրոնացել է մշակութային կյանքի վրա, սկսել է աջակցել տարբեր միջոցառումների եւ փառատոների կայացմանը:
Կարդացեք նաև
Գրքի երևանյան միջազգային փառատոնի բացմանը հաջորդեց Ռուբեն Հախվերդյանի «Խոսքեր» գրքի շնորհանդեսը, որը համեմված էր նրա կատարումներով:
Հավելենք, որ Գրքի երևանյան միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում, որոնց մասնակցում են գրողներ եւ հրատարակիչներ 13 երկրից։ Փառատոնի թեման լեզուն է՝ որպես քաղաքակրթության հիշողությունն ամբարող եւ փոխանցող միակ երեւույթ։ Փառատոնի շրջանակում անցկացվող գրքի ցուցահանդես-տոնավաճառին մասնակցող շուրջ 60 կազմակերպություններ գրքերը վաճառելու են 20-40% զեղչով:
Սեպտեմբերի 13-ին փառատոնը կտեղափոխվի նաեւ Մեղրի՝ գրքի տոնավաճառը կկայանա Մեղրիի մշակույթի տան ներքին բակում, իսկ միջոցառումները՝ Լոֆթում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































