Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքը դարձել է զբոսաշրջային կարեւոր ուղղություն, իսկ Խուստուփը՝ Կապանի այցեքարտերից մեկը»․ Գոռ Թադեւոսյան

Սեպտեմբեր 06,2026 16:54 Share

Ինչպես Սյունիքի մարզը, այնպես էլ մարզկենտրոն Կապանը դարձել են զբոսաշրջային կարեւոր ուղղություններ։ Կապանում զբոսաշրջային շարժը նկատելի է, Կապան այցելած լրագրողների հետ զրույցում ասաց Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադեւոսյանը։

«Իսկ Խուստուփը դարձել է Կապանի այցեքարտերից մեկը։ Հատկապես վերջին 3-4 տարիներին զգացվում է մեծ հոսք դեպի Կապան։ Շատերին հետաքրքրում է Խուստուփը, Խուստուփը ճանաչելի է դարձել, դա մեր քաղաքականություններից մեկն է, որովհետեւ ոչ բոլորն են ծանոթ Սյունիքի կամ Կապանի գեղատեսիլ ու պատմամշակութային վայրերին։ Մեր քաղաքականությունն է ճանաչելի դարձնել մեր պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային կարեւոր ուղղությունները։ Եվ այսօր արդյունքն այն է, որ մենք նկատում ենք այդ մեծ հոսքերը։ Սրա արդյունքում նաեւ մեծ զարգացում է ապրում հյուրանոցային բիզնեսը՝ նոր հյուրատներ ու հյուրանոցներ են կառուցվել վերջին տարիներին։ Հատկապես պատերազմից հետո կարեւորում ենք այդ բիզնեսների ընդլայնումը»,- նշեց Թադեւոսյանը։

Կապանի օդանավակայանի գործարկումը եւս, Գոռ Թադեւոսյանի խոսքով, կարեւոր նշանակություն ունի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ «Արդեն հնարավոր է Երեւանից Կապան հասնել 40-45 րոպեում, եւ կարծում եմ՝ դա բավականին դրական ազդեցություն ունի։ Օդանավակայանի դրական ազդեցության մասին է փաստում նաեւ այն, որ չվերթներն ավելացել են, օդանավից օգտվողների թիվն ավելացել է»,- հավելեց նա։

Անդրադառնալով Կապանի օդանավակայանը միջազգային օդանավակայան դարձնելու ծրագրին՝ Գոռ Թադեւոսյանն ասաց․ «Կա նման պոտենցիալ՝ թե Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Կապան, թե Կապանից դեպի Իրան ու Վրաստան ուղղություններով եւ թե մի շարք  այլ ուղղություններով»։

Այսօր Կապան համայնքի բոլոր գյուղական բնակավայրերի եւ Կապան քաղաքի միջեւ գործում է անվճար հանրային տրանսպորտ։ Ըստ համայնքի ղեկավարի տեղակալի՝ դրա նպատակը քաղաքի ու գյուղերի միջեւ ակտիվ կապը պահելն է․ «Կապան քաղաքի ներսում հանրային տրանսպորտը վճարովի է, բայց Կապան քաղաքից դեպի գյուղական բնակավայր տանող հանրային տրանսպորտն անվճար է»։

Հարցին, թե կառավարության հայտարարած խաղաղության գործընթացն ինչպե՞ս է ազդել ներդրողների տրամադրությունների վրա, Կապանում նոր ներդրումներ կա՞ն, Գոռ Թադեւոսյանը պատասխանեց․ «Տնտեսական ակտիվություն կա Կապան համայնքում։ Ներդրումներ կան ավելի շատ տեղացի գործարարների կողմից։ Հետընթաց չի եղել տնտեսական առումով, իսկ ներդրումներ եղել են, օրինակ՝ շինարարության ոլորտում տնտեսական ակտիվություն ունենք, նոր շինարարական կազմակերպություններ են բացվել։ Զբոսաշրջության ոլորտի զարգացմանը զուգահեռ նոր հյուրատներ ու հյուրանոցներ են կառուցվել։ Եվ մարդիկ էլի նպատակի ունեն կառուցելու, դիմում են համայնքին։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս երկու ոլորտներում առաջընթաց կա։ Եվ նաեւ բոլորին հայտնի է, որ հանքարդյունաբերությունն է զարգացած»։

Կապանում անշարժ գույքի պահանջարկ կա, դրա արդյունքում անշարժ գույքի գները թանկացել են։ Վերջին տարիներին Կապանում արդեն կառուցվել է երեք նոր բազմաբնակարան շենք։ Նորակառույց շենքերում բնակարանների մեկ քմ արժեքը գրեթե հավասար է Երեւանի գներին՝ 1300-1500 դոլար։ «Բավականին մեծ պահանջարկ կա, եթե կլինեն նոր բազմաբնակարան շենքեր կառուցելու ցանկություն ունեցողներ, համայնքը միայն կխրախուսի, որովհետեւ դրա պահանջարկը կա»,- ասաց Թադեւոսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել