Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանը դժգոհ է․ աղբամանները քիչ են, բիզնեսները գերծանրաբեռնում են աղբատարները, մեքենաները՝ խանգարում տրանսպորտին

Սեպտեմբեր 07,2026 10:51 Share

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց նոր նշանակումները. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն է նշանակվել Ռոմանոս Սաֆարյանը, իսկ ՔՊ-ական նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը նշանակվել է քաղաքապետի մամուլի քարտուղար։

Ի թիվս այլնի՝ անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ պետք է ավելացնել վարձակալական հիմունքներով տրամադրված աղբամանների քանակը, որովհետև, նրա խոսքով, մասնավոր բիզնեսներն իրենց ծավալներով գերծանրաբեռնում են աղբատարները։ «Ես կարծում եմ, որ վարձակալական հիմունքներով տրված աղբամանները Երևան քաղաքում շատ քիչ են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ տնտեսվարողները պետք է առանձնացված սպասարկում ստանան։

Երևանի երթևեկությանն էլ անդրադարձ եղավ։ Ավինյանն արձանագրեց այն խնդիրները, որոնք քաղաքապետարանի համար գերակա են. «Դրանք ընդհանուր առմամբ երթևեկության կազմակերպման խնդիրներն են, գնալով աճող մարդատար մեքենաների քանակն է, տարատեսակ հատվածներում ապօրինի կանգառներն են…Պետք է հասկանալ, թե ավտոմեքենաները կանգառներից ոնց ենք հանում, որպեսզի հանրային տրանսպորտը երկրորդ գծում չկանգնի»։

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել