«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ամենամյա «Քո կապը մշակույթի հետ» խորագիրը կրող` Միության տարեդարձին նվիրված տոնական միջոցառումը։
Արդեն 22 տարի, մեծ պատասխանատվությամբ, ՆԱՄ-ը իր ուսերին է կրում հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթի ծաղկեցմանն ուղղված արժանապատիվ գործը, շարունակելով իր որդեգրած ազգանվեր գործունեությունը՝ բազմաթիվ միջոցառումների, ծրագրերի և նախագծերի միջոցով նպաստելով հայկական մշակույթի ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:
Այս տարի «Քո կապը մշակույթի հետ» միջոցառումը նվիրված էր ՆԱՄ գեղարվեստական խորհրդատու, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտի 80-ամյակին։
Կարդացեք նաև
Միջոցառմանը ՆԱՄ ցուցասրահում ներկայացվեցին Մաեստրոյի արխիվային լուսանկարները՝ ուսանողական տարիներից մինչև մեր օրերը, իսկ միջոցառումը իրենց կատարումներով ամբողջացրեցին «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղ․ ղեկավար՝ Հելբերտ Ասատրյան), մենակատարներ՝ Քնար Հարությունյանը (երգ), Նովա Հարությունյանը (շվի), «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղ․ ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), «Նարեկացի» նվագախումբը (գեղ․ ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, թառահար Արտեմ Խաչատուր), մեներգիչներ՝ Արման Առաքելյան, Սմբատ Խալաթյան, Արման Գրիգորյան։
Միջոցառումը վարեցին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը և Ռուզաննա Հախնազարյանը։
Բոլորի, և հատկապես հենց Մաեստրոյի համար, իսկական անակնկալ դարձավ «Նարեկացի» նվագախմբի կողմից «Օրհներգի» կատարումը՝ մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և երաժշտությանը իսկապես արժանի Դանիել Երաժիշտի խոսքերով:
Այդ պահին հյուրերով լեփ-լեցուն դահլիճը ոգևորվեց, և հանդիսատեսը, մեկ մարդու պես, ոտքի կանգնեց, ոմանք անգամ հուզվեցին՝ չթաքցնելով իրենց զգացմունքները։
Մաեստրոն շնորհակալություն հայտնեց կատարողներին, համերգի բոլոր մասնակիցներին, հյուրերին և միջոցառման կազմակերպիչներին։
Իսկ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, Դանիել Երաժիշտին հուշանվերներ հանձնելով, իր եզրափակիչ խոսքում Մաեստրոյին անվանեց իր ուսուցիչը և ցանկություն հայտնեց, որ նրա 100-ամյա հոբելյանը նույնպես նշվի «Նարեկացի» արվեստի միությունում։
«Նարեկացի» արվեստի միություն



















































