Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հողերն ադրբեջանական դիտարկման ներքո են, բայց մենք սահմանը գութանով գծում ենք»․ Խաչիկի վարչական ղեկավար

Սեպտեմբեր 07,2026 17:04 Share

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում գյուղացիներին ամենաշատը մտահոգում է ոռոգման ջրի խնդիրը։ «Ոռոգման ջուրը կամ ամիսը մեկ անգամ են տալիս, կամ տարին մեկ, կամ ընդհանրապես չեն տալիս։ Եթե ոռոգման ջուր լինում է, մեր բերքը լավ է լինում, չի լինում, բերք չկա»,- Խաչիկ այցելած լրագրողների հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Կառլեն Ասատրյանը։

Կառլեն Ասատրյան

Այստեղ գյուղացիները մշակում են հիմնականում ցորեն, գարի, հաճար։ «Ջուրը շատ մեծ խնդիր է մեզ համար, ամեն անգամ այդ հարցով դիմում ենք, ասում են՝ լավ, բայց խնդիրը չի լուծվում։ Մեր հույսն անձրեւն է»,- ասում է Կառլեն Ասատրյանը։

Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանի տեղեկացմամբ՝ կադաստրային քարտեզով գյուղի վարելահողները 1200 հեկտար են։

ԽՍՀՄ տարիներին Խաչիկում ոռոգման ջուր հասել է եռաստիճան պոմպերի միջոցով։ Բայց այսօր այդ համակարգը խափանված է։ «Հիմա ջուրն Արենիից պոմպերով է մղվում, բայց երբ որոշում են մեզ ջուր հատկացնել, Արենի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի ոռոգման համակարգը կաթվածահար է լինում։ Այս տարի ոնց որ Աստված ողորմած էր, եղանակը մի քիչ մեր կողմից էր, բայց ոռոգման ջրի խնդիր ունենք»,- ասաց համայնքի վարչական ղեկավարը՝ հավելելով, որ առանց կառավարության աջակցության հնարավոր չէ լուծել այդ հարցը, քանի որ մեծ ֆինանսական ծախս է ենթադրում։

Հովիկ Սմբատյան

Խաչիկ գյուղը սահմանամերձ է Նախիջեւանի հետ։ Հարցին, թե կա՞ն հողատարածքներ, որոնք անվտանգային խնդիրներով պայմանավորված չեն մշակվում, Հովիկ Սմբատյանը պատասխանեց․ «Մեր հողերը ադրբեջանական դիտարկման ներքո են, բայց մենք սահմանը գութանով գծում ենք, բառիս ուղիղ իմաստով։ Մեր վերջին վարելահողից հետո քայլ ենք անում ու կանգնում ենք Նախիջեւանի տարածքում։ Մինչեւ վերջին վարելահողը մենք վարում-ցանում ենք։ Գյուղացիների մոտ վախ չկա, իրենց հողերը մշակում են, եւ դա միշտ է այդպես եղել»։

Գյուղի բնակիչ Արթուր Գրիգորյանի խոսքով՝ Խաչիկում հիմնականում զբաղվում են գյուղատնտեռսությամբ, իսկ երիտասարդները նաեւ պայմանագրային զինծառայության են անցել։ «Սաղ ջահելներին հավաքել են, սահմանն են պահում, աշխարհազոր են։ Որը ծույլ է, մենակ այդ աշխատավարձով է ապրում, որը աշխատասեր է, համ հող է մշակում, համ էլ սահմանն է պահում»,- ասաց նա։

Գյուղացիների մի մասը պնդում են, որ խնդիրներ չկան, մշակում են իրենց հողերը, խաղաղ ապրում են, բայց մյուս մասն էլ նշում են, որ դժվարություններ կան՝ սկսած ոռոգման ջրի հարցից մինչեւ անվտանգային հարցեր։ Ճիշտ է, այսօր սահմանին կրակոցներ չկան, բայց, գյուղացիների խոսքով, մի քանի տարի առաջ, երբ կրակոցներ կային, այլ տրամադրություններ էին։

«Եթե դժվար չէ, բա ինչո՞ւ գյուղում անասնապահություն չկա։ Դժվար է, չէ՞, որ անասուն չեն պահում»,- հարցադրում է անում Խաչիկի բնակիչ Արթուր Վիրաբյանը։

Համայնքի վարչական ղեկավարը փորձում էր լռեցնել բողոքող գյուղացիներին՝ ասելով․ «Մարդիկ ավելի հեշտ են ապրում, դրա համար էլ անասուն չեն պահում»։

«Ամեն ինչ էլ դժվարացել է, մարդիկ վար ու ցանք են անում, բայց վաղը կարող է իրենց ծախսերը չհանեն, որովհետեւ անձրեւի հույսին քսերոքսով ապրելը հե՞շտ է։ Այսօր ցանում են, բայց որ անձրեւ չեղավ, ի՞նչ ենք անելու, բայց ծախս ենք անում»,- նշեց Արթուր Վիրաբյանը։

Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ Խաչիկից արտագաղթ չկա, ավելին, մարդիկ վերադառնում են Խաչիկ։ Կառավարության 16 մլն դրամ ծրագրով այստեղ նոր տներ են կառուցել, մի մասն էլ կառուցման փուլում են։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930