Պատմաբան, հրապարակախոս, լրագրող Կարպիս Փաշոյանի ՖԲ գրառումը.
Հրաժարվել քաղաքացիությունից չի նշանակում հրաժարվել հայրենիքից, ժողովրդից և ընդհանրապես հայկականությունից։
Դա ընդամենը բողոքի ակցիա է ընդդեմ պետության և կառավարող ռեժիմի, ինչը շատ նորմալ, տարածված քաղաքացիական վարքագիծ է։ Աշխարհում շատ հայտնի օրինակներ կան, երբ անհատը կա՛մ ինքն է հրաժարվում իր երկրի քաղաքացիությունից, կամ էլ պետությունն է զրկում նրան այդ կարգավիճակից ու վտարում։ Ամենահայտնի դեպքը միգուցե Վիկտոր Հյուգոյինն է։
Ինչևիցե ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու առթիվ Նորատ Տեր-Գրիգորյանցի դեմ սանձազերծված արշավը իր բնույթով ոչ միայն վուլգար գավառականության և կեղծ ինքնիշխանապաշտության դրսևորում է, այլ նաև տպավորություն է թե, ձեզնից շատերը զուրկ են հասկանալու, ապրումակցելու, տառապելու, հուզվելու և մարդկային այլ զգացմունքներից։
Կարդացեք նաև
Պրոպագանդիստական դեկորացիաների մեջ եք ապրում և մտքերն էլ կառուցում արդեն իսկ պատրաստի ձևերով և կաղապարներով։
Ես էլ այս պետության դեմ բողոք ունեմ, և այո՛, պետությունը ինձ համար սրբազան, անձեռնմխելի և բացարձակ երկնային պարգև չէ ու նույնական չէ հայրենիքի և ժողովրդի հետ։ Պետությունը համակարգ է, գործիք, միջոց՝ օժտված բռնության լեգիտիմ լիազորություններով, որոնց հետ մարդիկ կարող են և համաձայն չլինել։ Անհամաձայնության ձևերից մեկը քաղաքացիությունից հրաժարվելն է։


















































