ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տարան, ապա կայացվեց նրան կալանավորելու որոշում։ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպանների պնդումներին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նա սիմուլյանտ է եւ պետք է նստի ու ունեզրկվի։ Մենք հետաքրքրվեցինք, թե այս պահին որտեղ է գտնվում Գագիկ Խաչատրյանը եւ ինչպիսին է նրա առողջական վիճակը:
Խոսեցինք Խաչատրյանի պաշտպաններից մեկի` Արա Ղազարյանի հետ։ Նա ասաց. «Բուժում չի ստանում, որովհետև իր բժշկին թույլ չեն տալիս գոնե հետազոտել։ Նույնիսկ եթե թույլ տային, ՀՀ-ում այն բուժումը, որն իրեն անհրաժեշտ է և որի մասին խոսվում է արդեն 7 տարի, հնարավոր չէ ապահովել, քանի որ դա ֆիքսվել է բազմաթիվ բժիշկների կողմից, այդ թվում՝ Առողջապահության նախարարության կողմից։ Այն փաստաբանը, որը նրան այցելում է, ի դեպ, նկատի ունեցեք, որ փաստաբանն իր խուց է գնում։ Սովորաբար փաստաբանները չեն կարողանում խուց մտնել։ Այդ աստիճան առանձնահատուկ է վիճակը, որ փաստաբանին թույլ են տալիս գնալ խուց։ Իսկ ինչո՞ւ․ որովհետև նա չի կարող տեղաշարժվել։ Դրան գումարած՝ երբ օմբուդսմենը այցելել է, թե դա է պատճառը, թե այն, որ գիտեն` ՄԻԵԴ ենք դիմել, բարեփոխումների պատրանք են ստեղծել, այնտեղ արագորեն խնամակալ են տրամադրել։ Բայց նա օրը երեք անգամ է այցելում, օգնում է նրան սնվելու հարցում»։
Ըստ Ղազարյանի՝ Գագիկ Խաչատրյանը 24 ժամ պառկած վիճակում է․ «Այն կարծիքը, թե սիմուլյացիա է, անհեթեթություն է։ Ինքը պառկած վիճակում է, ոնց տարել են մեկուսարան, այդ վիճակում է։ Սա ասում է փաստաբանը, որն այցելում է նրան։ Այնտեղ զուգարանն են հարմարացրել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Դա էլ է հերքում այն, որ ինքը սիմուլյանտ է։ Ես այդ տվյալները հավաքում եմ ՄԻԵԴ-ի համար»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































