Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատիկ տրոյելբուսային գիծ մի քիչ բարձրացել է Ջրվեժ՝ զոնտիկների մոտից մարդկանց վերցնում է, սաղ աշխարհով սիրենաները միացրել են»․ Ավինյան

Սեպտեմբեր 08,2026 11:53 Share

Երեւանի ավագանու անդամ Ալբերտ Մովսեսյանն ավագանու նիստում «Երեւանտրանս» ՓԲԸ լուծարման նախագծի եւ Երեւանի երթեւեկության խնդիրների քննարկման ժամանակ հարց ուղղեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին մարզային ուղեւորափոխադրումների մասին։

«Կխնդրեմ ուշադրություն դարձնենք մարզային ուղեւորափոխադրումներին Երեւանի կենտրոնից։ Կան կազմակերպություններ ու անհատներ, որոնք, օրինակ, Թումանյան փողոցում հենց բանուկ հատվածում երեք-չորս մեքենաներով մարզային փոխադրումներ են կատարում։ Դա խցանումներ է առաջացնում Երեւանի կենտրոնում, կա՞ կարգավորում այս ծրագրում»,- հարցրեց նա։

Սուրեն Գրիգորյանն ասաց․ «Մարզային ուղեւորափոխադրումների կարգավորումն առնվազն բացառապես մեր կարգավորման տիրույթում չէ»։

Բայց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոշտ ընդհատեց Սուրեն Գրիգորյանին․ «Պարոն Գրիգորյան, հազար ներողություն, այս թեմայով շատ կոնկրետ խոսակցություն ենք ունեցել եւ շատ հստակ հանձնարարական եմ տվել։ Մեր տիրույթում է, Երեւան քաղաքում ուղեւորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով։ Եվ բարձրացված հարցը շատ կոնկրետ ու հստակ է։ Լինի դա ավտոբուսով, թե միկրոավտոբուսով, մարզային ուղեւորափոխադրումների կարգը հետեւյալն է՝ նրանք կարող են փոխադրումներ իրականացնել ավտոկայաններում։ Դա դուք եւ վարչությունը, Երեւանի երթեւեկության կառավարման կենտրոնը պարտավոր եք ապահովել։ Երեւանի ՏԻՄ օրենքով բոլոր հնարավորությունները ստեղծված են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավինյանը հորդորեց Սուրեն Գրիգորյանին․ «Խնդրում եմ՝ այս հարցին առնվազն մեր քննարկումից հետո այդ պատասխանը չտաք։ Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխվի եւ կրկին ծանրաբեռնի մեր փողոցները։ Մի հատիկ տրոյելբուսային գիծ մի քիչ բարձրացել է Ջրվեժ՝ զոնտիկների մոտից մարդկանց վերցնում է, սաղ աշխարհով սիրենաները միացրել են»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել