Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ 2000-ականներին ՀՀ ԱԱԾ-ի Սևանի հանգստյան տունը, ըստ էության, կոռուպցիոն դրսևորումների հետևանքով սեփականաշնորհվել, ապա գրավադրվել և վերավաճառվել է։ Ըստ հրապարակումների՝ գույքն ի վերջո ձեռք է բերել վերջին շրջանում իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Նարեկ Նալբանդյանը։
Այս հարցի վերաբերյալ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը դիմել է ԱԱԾ տնօրեն Ա. Սիմոնյանին՝ հարցնելով՝ արդյո՞ք ԱԱԾ-ն պատրաստվում է ուսումնասիրել հնարավոր հանցագործությունը և պետությանը վերադարձնել գույքը։
ԱԱԾ-ի պատասխանը, սակայն, հարցերին էական պատասխան չի տվել։ Նշվել է, որ համապատասխան տեղեկությունը չի կարող տրամադրվել, իսկ հանցագործության մասին փաստական տվյալների առկայության դեպքում հնարավոր է հաղորդում ներկայացնել։
Այստեղ էլ առաջանում է գլխավոր հարցը․ եթե մամուլի հրապարակումներն մատնանշում են պետական գույքի հնարավոր ապօրինի օտարման հանգամանքները, ապա ինչո՞ւ ԱԱԾ-ն սեփական նախաձեռնությամբ չի պարզում դրանց իսկությունը։
Կարդացեք նաև
Առավել տարօրինակ է, որ Նարեկ Նալբանդյանի նկատմամբ իրավապահների ակտիվության պայմաններում պետությանը հնարավոր պատճառված վնասի վերականգնման մասին որևէ տեսանելի արդյունք չկա։
Ուստի հանրության համար բնական հարց է առաջանում՝ իրականում պետության շահը վերականգնելո՞ւ նպատակ կա, թե՞ Նարեկ Նալբանդյանի նկատմամբ իրականացվող գործընթացը պարզապես իմիտացիոն բնույթ է կրում։
Ի վերջո, եթե Սևանի հանգստյան տան օտարման գործընթացում որևէ խախտում չի եղել՝ թող ԱԱԾ-ն դա հստակ հայտարարի։ Իսկ եթե եղել է՝ ապա ինչո՞ւ Սևանի նախկին ԱԱԾ-ի հանգստյան տունը չի կապարակնքվում պետությանը պատճառված վնասի վերականգնման քրեական վարույթի շրջանակներում՝ ԱԱԾ-ի հոգնած ծառայողների հանգիստը ապահովելու նպատակով։
Հ.Գ. Այսպիսի անորոշ բա՞ն է մնալու։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն


















































