Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելն իբրև ստանում է ևս մեկ երկիր, որն աստիճանաբար հեռանում է ռուսական ազդեցության ուղեծրից։ Երևանը ստանում է գումարներ և քաղաքական առուծախի հնարավորություն. Արտակ Զաքարյան

Սեպտեմբեր 09,2026 09:50 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը (մաս 3-րդ). Մաս առաջինը կարդացեք այստեղ։ Մաս երկրորդը կարդացեք այստեղ

Եվ Եվրոպան դրա համար պատրաստ է վճարել: Այստեղ սկսվում է գործընթացի ամենաէական մասը։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Բրյուսելը չափազանց շահագրգռված է հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցությունը նվազեցնելու հարցում։ Հայաստանն այստեղ բացառություն չէ։ Որքան քիչ է Երևանը կախված Մոսկվայից և ԵԱՏՄ-ից, այնքան դա ավելի ձեռնտու է տարածաշրջանում եվրոպական քաղաքականությանը։

Միևնույն ժամանակ, Բրյուսելը տեսնում է, որ Հայաստանը չի շտապում նետվել եվրոպական գիրկը և առավել ևս չի պատրաստվում վաղը դուռը շրխկացնել ու դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Սակայն Նիկոլը ցուցադրաբար «փնտրում է» Ռուսաստանին այլընտրանքներ, փորձում է «դիվերսիֆիկացնել» առևտուրը, տրանսպորտային և արտաքին քաղաքական կապերը։

Եվ հենց այս իրավիճակի վրա է Եվրոպան պատրաստ խաղադրույք կատարել։ Տրամաբանությունը չափազանց պարզ է․ եթե երկիրն ինքն է «ցույց տալիս», որ ցանկանում է աստիճանաբար հեռանալ Մոսկվայից, ինչո՞ւ չօգնել նրան ևս մի քանի քայլ կատարել այդ ուղղությամբ։ Առավել ևս, որ ԵՄ համար նման աջակցության գինը համեմատաբար փոքր է, իսկ քաղաքական ազդեցությունը կարող է բավական մեծ լինել։

Այստեղից էլ առաջանում են դրամաշնորհները, ներդրումային ծրագրերը, արտոնյալ վարկերը, առևտրային արտոնությունները, տեխնիկական աջակցությունը, տրանսպորտային և էներգետիկ ինտեգրման նախագծերը։ Հայաստանին աստիճանաբար սկսում են ծանոթացնել եվրոպական շուկային և եվրոպական կանոններին՝ դեռ շատ ավելի վաղ, քան լրջորեն կդրվի ԵՄ անդամակցության հարցը։

2026թ. հունիսին Եվրահանձնաժողովը ռուսական առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանին փոխանցեց 34 մլն եվրոյի «շտապ օգնություն»՝ 52 մլն եվրո ընդհանուր փաթեթի առաջին մասից։ Հուլիսին հայտարարվեց, որ Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը հասել է 288 մլն եվրոյի։ Իսկ եվրոպական Global Gateway ներդրումային առանձին պորտֆելը նախատեսում է ներգրավել շուրջ 2,5 մլրդ եվրո ներդրումներ՝ հետագայում։

Բայց առավել ուշագրավն այստեղ գումարները չեն։

Եվրոպան հայտարարում է, իբրև աստիճանաբար բացում է իր շուկան Հայաստանի համար։ Սեպտեմբերին ԵՄ խորհուրդն աջակցեց հայկական ապրանքների ցանկի նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը։ Խոսքը առաջին հերթին այն ապրանքների մասին է, որոնք մինչև վերջերս զգալի չափով ուղղված էին դեպի ռուսական շուկա։ Սա ընդամենը հայտարարություն էր, որը դեռ պարզ չէ, թե ինչպե՞ս է կիրառվելու:

Հայտարարությունների մակարդակում ստացվում է աշխարհաքաղաքական մրցակցության գրեթե դասագրքային սխեմա։ Մոսկվան սահմանափակում է հայկական ապրանքների հասանելիությունը՝ Բրյուսելն առաջարկում է «այլընտրանքային շուկա»։ Մոսկվան հիշեցնում է ԵԱՏՄ առավելությունների մասին՝ Եվրոպան առաջարկում է «ներդրումներ»։ Ռուսաստանը հարցնում է․ «Դուք մեզ հե՞տ եք, թե՞ նրանց»։ Եվրամիությունը պատասխանում է․ «Մի շտապեք ընտրություն կատարել, առայժմ համագործակցենք»։ Եվ այս կառուցվածքը համապատասխանում է Փաշինյանի անձնական շահերին։

Այսօր նրան անհրաժեշտ չէ անդամակցել Եվրամիությանը։ Նրա համար շատ ավելի շահավետ է, որ Եվրամիությունը վճարի այն բանի համար, որ Հայաստանը երբևէ, շատ հեռու ապագայում հնարավոր է, կարողանա անդամակցել դրան։

Փոխարենը՝ Բրյուսելն իբրև ստանում է ևս մեկ երկիր, որն աստիճանաբար հեռանում է ռուսական ազդեցության ուղեծրից։ Երևանը ստանում է գումարներ և քաղաքական առուծախի հնարավորություն։ Առայժմ բոլորը գոհ են։ Բացառությամբ, իհարկե, Մոսկվայի, որը կարծես վճռական է տրամադրված և նրա քայլեր դեռ նոր են սկսելու իրենց զգացնել տալ:

Շարունակելի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930