ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի եղբայրը՝ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը, տնային կալանքից ազատ է արձակվել։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, այսօր նախնական դատալսումների ընթացքում քննության առնելով խափանման միջոցի հարցը, որոշեց փոխել այն և որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտպան Բենիկ Գալստյանից։
Հիշեցնենք, որ Էդիկ Մինասյանին մեղադրում են իբրև կաշառք ստանալու մեջ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Մինասյանն իբրև ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով, նրա ազգականից պահանջել է նախ 5.000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում՝ 4.000 ԱՄՆ դոլար կաշառք: Էդիկ Մինասյանը նախաքննության ընթացքում տնային կալանքի տակ էր։
Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ նշելով, որ ձայնագրության մեջ մեկ անձ, ով մեկ այլ՝ ընտրակաշառքի գործով մեղադրյալ է, խոսում է դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, զրուցում են կյանքից, թոռներից, երեխաներին պահելուց, ասում են՝ ուսումը լավ բան է, թոռանը պետք է ուսման տալ, տվյալ անձն էլ «գլուխ է գովում», որ Էդիկ Մինասյանին ճանաչում է, ասել է՝ պետք է թոռանն ընդունել տա, Մինասյանն էլ իբրև ասել է, թե կգնա տեսնի ինչ է, իբրև ասել է՝ «այսքան, քեզ համար՝ այսքան», խոսակցությունն այդքանով ավարտվել է, մինչդեռ, պաշտպանը պնդում է, որ հասկանալի չէ, թե արվել է, թե ոչ, պարզ չէ՝ գումար են ուզել, եթե ուզել են, թե ոչ, ինչու են ցանկացել, եթե ցանկացել են, ով է ուզել, ինչ է ուզել․ «Մեղադրանքն անմեկնաբանելի է»։ Տվյալ անձի թոռը, ինչպես հայտնեց պաշտպանը, ընդունվել է բոլորովին այլ բուհ՝ ֆինանսական մասնագիտությամբ, ընդ որում, մինիմալ շեմից ներքև գնահատականներով՝ բանակում ծառայությունից հետո՝ մրցույթից դուրս, ընդհանրապես կապ չի կարող ունենալ Մինասյանի հետ, թոռան դիրքորոշումը դատարանում կտեսնենք։ Ըստ փաստաբանի՝ ոչ միայն որևէ ուղիղ տվյալ, այլև՝ առհասարակ նույնիսկ անուղղակի ապացույց առկա չէ, որ Մինասյանը համաձայնություն է տվել կաշառքի, քննարկում ունեցել։
«Նույնիսկ այս ապացույցի առկայության դեպքում էլ չես կարող անձին մեղադրել որպես կաշառք ստացող, որովհետև ընդհանրապես իր գործառույթից բխող որևէ գործողության կատարման խնդիր չի եղել, պատմության ամբիոնի վարիչն ինչ գործ ունի քննությունների հետ, եթե կա ԳԹԿ, առանձին հանձնաժողով, անգամ ամենամեծ ցանկության դեպքում էլ պատմության ամբիոնի դասախոսն այդ հանձնաժողովի մեջ այլ բուհի ֆինանսական բնույթի ֆակուլտետ ընդունվելու հետ կապված չէր էլ կարող գտնվել դրա մեջ, քննություններն ավտոմատացված են։ Բացի այդ, նույն հաջողությամբ օրինակ կարող եք ասել՝ Բենիկ Գալստյանին գիտե՞ս, փաստաբան է, իրեն եմ ասել՝ թոռանս կարող է ընդունել տաս, նա էլ ասի՝ այո։ Գոնե որակումը պետք է լիներ կաշառք տալու նախապատրաստություն կամ նախապատրաստության փորձ կամ իրական կամ ենթադրյալ ազդեցություն օգտագործելը։ Բացի այդ, տվյալ անձն ունի երկրորդ ցուցմունք, որով հերքում է նախորդ ցուցմունքը, պարզ է դառնում, որ այդ անձին Էդիկ Մինասյանը փորձել է «ցրել»»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ այս գործը կարող էր կարճվել հենց նախաքննության փուլում, դատարան էլ չպետք է ուղարկվեր, որովհետև այդ տրամաբանությամբ ցանկացած անձ կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին։ Պաշտպանը համոզված է՝ ունենալու են դրական ելք, կխնդրեն դատախազությանը հերքում տարածել։ Հարցին՝ կա արդյոք տվյալ, որ տվյալ անձը գուցե այլ որևէ անձի է կաշառք տվել, Գալստյանն արձագանքեց՝ նշելով, որ որևէ տվյալ, որ որևէ կաշառք տրվել է՝ չկա, յուրաքանչյուր կողմնակի դիտորդի մոտ պարզ է դառնում, որ տվյալ երեխան բանակից եկել է՝ մինիմալ գնահատականներով ընդունվել։ Ավելին, տվյալ անձի նկատմամբ տևական ժամանակ գաղտնի քննչական գործողություններ են եղել՝ ներքին, արտաքին դիտում, հեռախոսային խոսակցությունների վերահսկողություն, որովհետև այդ անձն ընտրակաշառքի գործով առանցքային «դեր» ունի և այնպես չէ, որ ՔՊ-ի օգտին է ընտրակաշառք տվել՝ ըստ մեղադրանքի, պարզ է՝ իրավապահներն առանձնահատուկ ջանասիրություն են ցուցաբերել, նրա կյանքը մոտ մեկ ամիս եղել է իրավապահների խոշորացույցի տակ, այդ ընթացքում ինչեր ասես չի խոսել, ծաղկաքաղի արդյունքով են հետապնդում իրականացնում Մինասյանի նկատմամբ։ Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ այդ անձն 79 տարեկան է, պատերազմի մասնակից, ունեցել է կոնտուզիա, առաջին ցուցմունքը, որով ընդունել է փաստակազմը, քիչ թե շատ « մեղադրական բնույթի է», տվյալ անձը տվել էր ձերբակալվածի կարգավիճակում՝ առանց փաստաբանի։
Կարդացեք նաև
«Ամեն դեպքում, ես կուզեմ այդ մարդուն տեսնել, այդտեղ մի քիչ անլուրջ էլ կլինի հիմա անդրադառնալ տեսաձայնագրություններին, բոլոր հարցերը կբարձրացնենք»։
Հետապնդման քաղաքական լինելու հնարավոր գործոնի վերաբերյալ հայտարարություններից պաշտպանն առայժմ զերծ մնաց, նշեց՝ Մինասյանը գրեթե 50 տարի է՝ զբաղվում է գիտական մանկավարժական աշխատանքով, դոկտոր, պրոֆեսոր է, հայոց պատմության խորը մասնագետներից է, երբևէ քաղաքականության մեջ չի եղել, ինքը իր մասնագիտության տերն է։ Նա նկատեց, որ առավել օբյեկտիվ լինելու դեպքում իրավապահներն առավել խորը քննություն կիրականացներ, պետք է դադարեցնեին քրեական հետապնդումը կամ հետապնդում չիրականացնեին։
Իզաբել Սահակյան


















































