Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է պատասխանել առնվազն հետևյալ հարցերին՝ ո՞ր եկեղեցական մարմինն է իրավասու հաստատելու խախտումը, ի՞նչ ապացուցողական չափանիշով և ո՞ր մարմինն է իրավասու դրանից բխող կանոնական հետևանքը կիրառելու. Արսեն Բաբայան

Սեպտեմբեր 25,2026 11:54 Share

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Կարդացի Եկեղեցուն վերաբերվող հայտնի զեկույցը: Ասել, թե դա խայտառակ մի բան է, հավասար է ոչինչ չասելուն:

Այս փաստաթուղթը սովորական հրապարակախոսական նյութ չէ։ Այն պատրաստվել է պետական մարմնի կողմից՝ վարչապետի հանձնարարությամբ և, ինչպես հենց զեկույցում է նշված, բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թվականների ծրագրից։

Հետևաբար` դրա նկատմամբ կիրառելի չափանիշը չի կարող նույնը լինել, ինչ լրագրողական հոդվածի, քաղաքական գործչի գրառման կամ մասնավոր անձի ուսումնասիրության նկատմամբ։

Պետությունը պարտավոր է տարբերակել փաստը պնդումից, ապացույցը՝ լուրից, իսկ իրավական կամ կանոնական հետևությունը՝ քաղաքական ցանկությունից։

Իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զեկույցում այս սահմանները բազմաթիվ դեպքերում ընդհանրապես գոյություն չունեն։

Ավելին՝ փաստաթղթի հիմնական վտանգը նույնիսկ այն չէ, թե դրանում Գարեգին Բ-ի կամ առանձին հոգևորականների վերաբերյալ քանի պնդում է ճիշտ և քանիսը՝ սխալ։ Շատ ավելի լուրջ է այն նախադեպը, երբ գործադիր իշխանության համակարգում գործող կառույցը իրեն վերապահում է Եկեղեցու ներքին կանոնական հարցերի վերաբերյալ փաստերը հաստատելու, կանոնները մեկնաբանելու, գործող Կաթողիկոսի պաշտոնավարման անհամատեղելիությունը որոշելու և վերջապես Եկեղեցու իշխանության փոփոխության ճանապարհային քարտեզ առաջարկելու դեր։

Զեկույցի ամենակարևոր խնդիրը առանձին փաստական սխալները չեն։

Խնդիրը նրա ամբողջ կառուցվածքն է։

Պետական մարմինը փաստացի՝

  1. հավաքել է Եկեղեցու ղեկավարության դեմ մեղադրանքները,
  2. ընտրել է դրանցից իրեն հարմարները և դրանք համարել արժանահավատ,
  3. մեկնաբանել է Հայ Առաքելական Եկեղեցու կանոնները,
  4. որոշել է, որ դրանք խախտվել են,
  5. որոշել է, որ խախտումները անհամատեղելի են Կաթողիկոսի պաշտոնավարման հետ,
  6. և վերջում մշակել է գործող Կաթողիկոսի հեռացման ու նոր Կաթողիկոսի ընտրության ճանապարհային քարտեզ։

Այս պահից այլևս դժվար է փաստաթուղթը բնութագրել որպես ընդամենը բաց աղբյուրների ուսումնասիրություն։

Այն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը։

Նույնիսկ, եթե ընդունենք, որ կանոնական խախտման վերաբերյալ նյութերը բավարար են հարց բարձրացնելու համար, դրանից դեռ ինքնաբերաբար չի հետևում, որ վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ը կարող է որոշել այդ խախտման հաստատված լինելը և դրանից բխեցնել գործող Կաթողիկոսի պաշտոնավարման անհամատեղելիությունը։

Պետք է պատասխանել առնվազն հետևյալ հարցերին՝ ո՞ր եկեղեցական մարմինն է իրավասու հաստատելու խախտումը, ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ ապացուցողական չափանիշով և ո՞ր մարմինն է իրավասու դրանից բխող կանոնական հետևանքը կիրառելու։

Զեկույցը փաստացի շրջանցում է այս ամբողջ շղթան։

Եվ սա այդ զեկույցի մասին ասելիքիս ընդամենը մի փոքր մասն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել