«2020-ի սեպտեմբերից 2023-ի սեպտեմբերին աշխարհը՝ պասիվ դիտորդի դերում ականատես եղավ Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախ, տեղի ունեցած սարսափելի հանցագործություններին։ Ի վերջո, չնայած Ադրբեջանի պետական պաշտոնյաների՝ այնպիսի ծանր ենթադրյալ արարքների հետ անմիջական կապին, որոնց նկատմամբ իրավասություն և առաքելություն իրականացնելու համար ստեղծվել է Միջազգային քրեական դատարանը, որևէ գործողություն չձեռնարկվեց: Կարծում ենք, որ սա լուրջ սպառնալիք է»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում «Միջազգային քրեական դատարանին սպառնացող վտանգները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նա հիշեցրեց՝ երբ ընդունվեց Հռոմի ստատուտը, միջազգային հանրությունը պարտավորվեց ապահովել, որ մարդկության համար մտահոգիչ ամենածանր հանցագործություններն անպատիժ չմնան և միևնույն ժամանակ արձանագրեց․ «Այսօր մենք քննարկում ենք Միջազգային քրեական դատարանին սպառնացող հնարավոր վտանգները։ Սակայն մենք պետք է անդրադառնանք ևս մեկ վտանգի, որը կարող է առաջանալ հենց համակարգի ներսից՝ անգործությանը»։
Փաստելով, որ 2023-ի սեպտեմբերին ավելի քան 100,000 էթնիկ հայեր տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո՝ Արամ Վարդևանյանն ասաց․ «Դա, պարզ ու հստակ, էթնիկ զտում է։ Սակայն Միջազգային քրեական դատարանի կողմից ցուցաբերվեց անգործություն»։
Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ հավատում ենք իրական խաղաղությանը․ «Մենք հավատում ենք մեր երկրների միջև խաղաղությանը։ Բայց ես շատ լավ գիտակցում եմ և լիովին համոզված եմ, որ միջազգային հանրությունը նույնպես հասկանում է՝ առանց պատասխանատվության ապահովման իրական խաղաղություն լինել չի կարող։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ ընտրովի անգործությունն անընդունելի է ոչ Միջազգային քրեական դատարանի, ոչ էլ միջազգային հանրության համար։ Օրենքի գերակայությունը պետք է հաղթի»։
Կարդացեք նաև
Արամ Վարդևանյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































