Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ բացառիկ երաժշտական իրադարձություն, որը հանդիսատեսին պարգևեց դասական նվագախմբային փայլի և լատինաամերիկյան կրքոտ ռիթմերի ու էմոցիոնալ խորության անկրկնելի համադրություն։
Երեկոն առանձնահատուկ էր նրանով, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) կատարմամբ հնչած բոլոր ստեղծագործությունները հայաստանյան պրեմիերաներ էին, իսկ բեմում առաջին անգամ մեզ մոտ հանդես եկող արտիստներն էին՝ վենեսուելացի աշխարհահռչակ շեփորահար Պաչո Ֆլորեսը և կոստառիկացի երիտասարդ տաղանդավոր դիրիժոր Լուիս Կաստիլլո-Բրիսենյոն։
Կարդացեք նաև
Համերգը մեկնարկեց Բենջամին Բրիտտենի «Sinfonia da Requiem» գլուխգործոցով։ 20-րդ դարի անգլիական երաժշտության այս կոթողային, զուտ գործիքային երկը խորը հուզականությամբ փոխանցեց տագնապի, ողբերգության և խաղաղության որոնման թեմաները։ Այնուհետև հնչեց Մորիս Ռավելի հանրահայտ «Վալսը» (La Valse)՝ պատկերելով կայսերական վիեննական վալսի պարահանդեսային շքեղությունն ու դրա էքստատիկ անկումը։
Համերգի առաջին բաժինն ամփոփվեց մեքսիկացի կոմպոզիտոր Սիլվեստր Ռևուելտասի «Sensemayá» ստեղծագործությամբ, որն իր աֆրո-կուբայական էկզոտիկ ու էներգետիկ ռիթմերով վերակենդանացրեց օձի զոհաբերության առեղծվածային ծեսը։ Ընդմիջումից հետո երաժշտական ճանապարհորդությունը շարունակվեց Կառլոս Չավեզի «Sinfonia India»-ով՝ մեքսիկական ազգային երաժշտության այցեքարտով, որտեղ բնիկ հնդկացիների ժողովրդական մեղեդիներն ու ավանդական հարվածային գործիքները ստեղծեցին արևոտ ու վառ կոլորիտ։
Երեկոյի իսկական պսակը դարձավ Արտուրո Մարկեզի «Concierto de Otoño»-ն («Աշնանային կոնցերտ»), որը գրվել է հատուկ երեկոյի մենակատար՝ շեփորի պատմության մեջ լավագույն վիրտուոզներից մեկի՝ Պաչո Ֆլորեսի համար։ Ժամանակակից կոմպոզիտորները հատուկ նրա համար ստեղծագործություններ են գրում, իսկ շեփոր արտադրող լավագույն ընկերությունները պատրաստում են նոր հնարավորություններով գործիքներ, որոնցից մի քանիսը հանդիսատեսին ներկայացվեցին այդ օրը։
Ստեղծագործությունը փայլուն կերպով միավորեց կոնցերտի դասական ձևն ու լատինաամերիկյան ջազային և պարային ռիթմերը՝ ցուցադրելով շեփորի անսահմանափակ հնարավորությունները։ Ֆլորեսն անկրկնելի էր՝ տեխնիկական հատվածների ու կադենցիաների վիրտուոզ կատարմամբ, քնարական հատվածների երգեցիկ ու խորը հուզականությամբ և բեմական անսահման խարիզմայով։
Ի պատասխան Aravot.am-ի հարցին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Աստղիկ Դալլաքյանը պատասխանեց, որ աշխարհահռչակ շեփորահարը, որը հայտնի է նաև որպես Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտի լավագույն կատարողներից մեկը, հավաստիացրել է, որ իր համար մեծ ուրախություն և պատիվ է հանդես գալ աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի հայրենիքում։
Նա հույս է հայտնել, որ հնարավորություն կունենա հաջորդ անգամ Հայաստան այցելել և ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել Հարությունյանի հանճարեղ Շեփորի կոնցերտը, որը համաշխարհային շեփորային երկացանկի գանձերից է։
Սամվել Դանիելյան
Լուսանկարները՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից։



























































