Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում պետական կարգավիճակ ունեցող համույթներից որևէ մեկը այսօր Հայաստանում մշտական պետական ֆինանսավորում չի ստանում

Հոկտեմբեր 06,2026 19:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Տեղահանությունից հետո Արցախի պետական կարգավիճակ ունեցող մշակութային համույթները հայտնվել են նոր իրականության մեջ․ նրանք փորձում են պահպանել կազմերը, շարունակել փորձերն ու բեմական գործունեությունը, սակայն բախվում են ֆինանսավորման, փորձատեղիների, մասնագետների արտահոսքի և գործունեության ինստիտուցիոնալ շարունակականության խնդիրներին։

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայաթափմամբ ընդհատվեց ոչ միայն այնտեղի հասարակական ու տնտեսական կյանքի բնականոն ընթացքը, այլև մշակութային համակարգի գործունեությունը. Հայաստան տեղափոխվեցին մշակութային խմբեր, արվեստագետներ, երաժիշտներ, պարողներ և ավանդույթների կենդանի կրողներ։

Տեղահանությունը մշակութային ոլորտի համար նշանակում էր ոչ միայն տարածքի կորուստ։ Խաթարվեց նաև այն միջավայրը, որտեղ տարիներ շարունակ ձևավորվել, գործել և սերնդեսերունդ փոխանցվել էին մշակութային ավանդույթները։

Հայաստանի մշակութային քաղաքականության փաստաթղթերում ևս արձանագրվում է այս խնդիրը։ Կառավարության հաստատած գործողությունների ծրագրում առանձին ուղղությամբ նախատեսված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ապահովումը։ Ծրագրով նախատեսվել է գույքագրման գործընթացի իրականացում, հավաքագրված տվյալների ներառում ոչ նյութական մշակութային ժառանգության էլեկտրոնային շտեմարանում, ինչպես նաև պահպանությանն ուղղված կրթական և մշակութային ծրագրերի իրականացում։

2025 թվականի տարեվերջի տվյալներով՝ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության շտեմարանում գրանցված էր 108 արժեք, որոնցից 10-ը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգությունից։

Սակայն ժառանգության պահպանության հարցը միայն արժեքների գույքագրմամբ չի սահմանափակվում։ Եթե մշակույթը կենդանի գործընթաց է, ապա դրա պահպանման առանցքային դերակատարներից են նաև այն մարդիկ ու կառույցները, որոնք տարիներ շարունակ ստեղծել, փոխանցել և ներկայացրել են այդ մշակույթը։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն Արցախում պետական կարգավիճակ ունեցող համույթները։

Համույթները՝ նոր պայմաններում

Տարիներ շարունակ Արցախում գործող պետական համույթները ունեցել են մշտական ստեղծագործական կազմ, փորձատեղիներ, խաղացանկ, հանդիսատես և մշակութային միջավայր։ 2023 թվականի սեպտեմբերից հետո նրանց գործունեությունը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանի խոսքով՝ այսօր Արցախի պետական կարգավիճակ ունեցող համույթների գործունեությունը ՀՀ-ում շարունակվում է շատ բարդ պայմաններում։

«Այսօր Արցախում պետական կարգավիճակ ունեցող համույթներից որևէ մեկը Հայաստանում մշտական պետական ֆինանսավորում չի ստանում։ Միևնույն ժամանակ՝ «գործունեությունը շարունակում են» ձևակերպումը բավական հարաբերական է։ Համույթների մեծ մասը գործում է ծրագրային սկզբունքով՝ միջոցառումից միջոցառում։ Չկան մշտական փորձեր, մշտական ֆինանսավորում, փորձասենյակներ և անհրաժեշտ ենթակառուցվածքներ»։

Մարգարյանի խոսքով՝ խնդիրները փոխկապակցված են։ Ֆինանսավորման բացակայությունը հանգեցնում է փորձատեղիի խնդրի, փորձասենյակի բացակայությունը՝ աշխատանքային գործընթացի խաթարման, իսկ դրա հետևանքով վտանգվում է նաև ստեղծագործական և մասնագիտական ներուժի պահպանումը։

«Այսօր որոշ համույթներ փորձեր են իրականացնում Արցախի ներկայացուցչության շենքում, իսկ որոշ դեպքերում նաև մշակույթի ոլորտի գործընկերներն են իրենց փորձասենյակները տրամադրում»,- ասում է նա։

Այստեղ առաջանում է նաև ավելի լայն հարց՝ ի՞նչ է նշանակում պահպանել մշակութային համույթը։

Արդյոք դրա համար բավարա՞ր է համերգների և բեմական ելույթների շարունակությունը, թե՞ անհրաժեշտ է պահպանել նաև ստեղծագործական կազմը, մասնագիտական դպրոցը, խաղացանկը, կատարողական ավանդույթները, արխիվները և կազմակերպական կառուցվածքը։

Ոչ նյութական մշակութային ժառանգության պետական քաղաքականությունն ինքնին շեշտադրում է ոչ միայն պահպանությունը, այլև փոխանցումը։ ԿԳՄՍ նախարարության ներկայացմամբ՝ պետական քաղաքականության շրջանակում կարևորվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, փոխանցումն ու հանրայնացումը, իսկ Արցախից բռնի տեղահանվածների ժառանգության գույքագրումը սահմանված է որպես առանձին առաջնահերթություն։

«Պահպանել»՝ նշանակում է նաև ապահովել շարունակականություն

Համույթների համար ներկայիս իրավիճակի առանցքային խնդիրներից մեկը մարդկային ներուժի պահպանումն է։

Տեղահանված մշակույթի գործիչների համար նոր միջավայրում աշխատանքը շարունակելը կապված է ոչ միայն մասնագիտական գործունեության, այլ սոցիալական և տնտեսական կայունության հետ։ Իսկ համույթի համար յուրաքանչյուր մասնագետի հեռանալը կարող է նշանակել ոչ միայն մեկ հաստիքի կորուստ, այլ տարիներով ձևավորված մասնագիտական փորձի և կատարողական ավանդույթի թուլացում։

«Մեզ համար ամենամեծ խնդիրն այն է, որ համույթի անդամներն այսօր ապրում են տարբեր բնակավայրերում, ունեն ընտանիքների սոցիալական խնդիրներ, աշխատանքային այլ պարտավորություններ, և առանց կայուն ֆինանսավորման նրանց պարբերաբար Երևան բերելն ու փորձեր կազմակերպելը շատ դժվար է։ Բայց մենք հասկանում ենք, որ եթե չփորձենք պահպանել համույթը հիմա, հետագայում կարող ենք կորցնել ոչ միայն կազմը, այլև տարիների ընթացքում ձևավորված մասնագիտական ավանդույթը»- ասում է «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթի ղեկավար Վիլեն Սարուխանյանը։

Հատկապես զգայուն է երիտասարդ սերնդի ներգրավման խնդիրը։ Եթե գործող համույթները չեն կարողանում ապահովել նոր մասնագետների ներգրավումն ու նրանց մասնագիտական զարգացումը, ապա երկարաժամկետ հեռանկարում կարող է վտանգվել նաև այն մշակութային ավանդույթների փոխանցումը, որոնց պահպանման մասին խոսվում է պետական ռազմավարական փաստաթղթերում։

Այս պատճառով համույթների ներկայացուցիչները խնդիրը դիտարկում են ոչ միայն որպես ներկա գործունեության ապահովման, այլև ապագայի հարց։

«Եթե այսօր այս հարցին համակարգային լուծում չտրվի, վաղը գալիք սերունդներին փոխանցելու բան չի մնալու»,- ցավով է արձանագրում Վ․ Սարուխանյանը։

«Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբ»․ պահպանե՛լ ոչ միայն երաժիշտներին, այլ դպրոցը

Մյուս կարևոր կառույցը Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբն է։ Նման համույթների առանձնահատկությունն այն է, որ դրանց արժեքը միայն բեմական ելույթների մեջ չէ։ Նվագախումբը նաև կատարողական ավանդույթների, երաժշտական նյութի և մասնագիտական գիտելիքի փոխանցման միջավայր է։

«Նվագախմբի դեպքում խնդիրը միայն այն չէ, թե մենք այսօր քանի համերգ կարող ենք տալ։ Պետք է կարողանանք պահպանել այն մասնագիտական միջավայրը, որի շնորհիվ երաժիշտները միասին աշխատում են, զարգացնում են կատարողական մշակույթը և փոխանցում այն հաջորդ սերնդին։ Եթե չկա մշտական փորձատեղի և կայուն աշխատանքային հնարավորություն, շատ դժվար է պահպանել ամբողջ կազմը և նույն մակարդակով շարունակել ստեղծագործական աշխատանքը»,- նշում է գեղարվեստական ղեկավար Լևոն Սարդարյանը։

Արցախի պարի պետական համույթ

 

Այս ամբողջ պատկերի մեջ առանձնանում է Արցախի պարի պետական համույթի կարգավիճակը, որը ֆինանսական աջակցություն է ստանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ 2024 թվականից ի վեր ֆինանսավորում ստացող միակ արցախյան պետական համույթը։

Այս հանգամանքը ցույց է տալիս նաև ֆինանսավորման ուղղակի ազդեցությունը համույթի պահպանման վրա։

Ապրես Մարգարյանը հենց սա է համարում առանցքային տարբերություններից մեկը․

«Արցախի պարի պետական համույթը, որն այսօր մշտական ֆինանսավորում ունի, գրեթե ամբողջությամբ կարողացել է պահպանել իր ստեղծագործական կազմը և մասնագետների արտահոսք չի ունեցել»։

Մասնագետները հեռանում են, իսկ նրանց հետ՝ նաև փորձը

Տեղահանությունից հետո մշակութային ոլորտի համար ամենամեծ ռիսկերից մեկը մասնագիտական ներուժի կորուստն է։

Ապրես Մարգարյանի ներկայացրած տվյալներով՝ մշակույթի ոլորտի մոտ 1500 աշխատողներից ավելի քան 300-ը աշխատանքի բացակայության պատճառով արտագաղթել են, իսկ Արցախյան մշակույթի ոլորտի մասնագետների միայն մի մասն է կարողացել աշխատանք գտնել։

«Խնդիրը միայն մարդկանց աշխատանքով ապահովելը կամ չապահովելը չէ։ Ամենակարևորն այն է, որ Արցախից բռնի տեղահանված մշակույթի ոլորտի մասնագիտական ներուժը կարող էր նպաստել Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը և բազմաթիվ խնդիրների լուծմանը, սակայն այդ ներուժը լիարժեք չի օգտագործվում»,- ասում է Մարգարյանը։

Այս դեպքում կորստի չափումը միայն աշխատատեղերի թվով հնարավոր չէ։ Երբ հեռանում է փորձառու երաժիշտը, պարողը, խմբավարը կամ գեղարվեստական ղեկավարը, վտանգվում է նաև նրա մասնագիտական գիտելիքի փոխանցումը։

Պետական ռազմավարությունը և իրականությունը

Հայաստանի մշակութային քաղաքականության ռազմավարության մեջ Արցախից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը ներառված է որպես առանձին ուղղություն։ Նախատեսվում են այդ ժառանգության գույքագրում, թվային շտեմարանի ստեղծում, պահպանության և փոխանցման ծրագրեր։

2024 թվականի կառավարության գործողությունների ծրագրով նախատեսվել էր սկսել գույքագրման գործընթացը, հավաքագրված տվյալները ներառել ոչ նյութական մշակութային ժառանգության էլեկտրոնային շտեմարանում և իրականացնել առնվազն մեկ դասընթաց ու մեկ մշակութային միջոցառում։

2025-2026 թվականներին ԿԳՄՍ նախարարությունը նաև դրամաշնորհային տարբեր ծրագրեր է իրականացրել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։ Պաշտոնական ցանկում առանձին նշված է նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության ոչ նյութական մշակութային ժառանգության կարիքների գնահատման ծրագիրը։

Սակայն համույթների խնդիրն ավելի լայն է, քան ժառանգության գույքագրումը։

Գույքագրելն ու պահպանելը տարբեր գործընթացներ են։

Հնարավոր է փաստագրել երգը, պարը, երաժշտական նյութը կամ ավանդույթը, բայց եթե այդ մշակույթը կրող մարդիկ չունեն միասին աշխատելու պայմաններ, ապա վտանգվում է դրա կենդանի փոխանցումը։

Ապակենտրոնացումը՝ որպես լուծման տարբերակ

Ապրես Մարգարյանի առաջարկած հնարավոր լուծումներից մեկը արցախյան համույթների գործունեությունը Հայաստանի գործող մշակութային կազմակերպությունների կազմում շարունակելն է՝ նաև ապակենտրոնացման սկզբունքով։

Հայաստանի մշակութային կյանքը մեծապես կենտրոնացած է Երևանում, մինչդեռ մարզերում ևս անհրաժեշտ են մշտական գործող մասնագիտական մշակութային խմբեր։

Այս տեսանկյունից որպես օրինակ Մարգարյանը նշում է Շուշիի Խանդամիրյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ Գյումրիի թատրոնի կազմում գործունեությունը շարունակելու փորձը։

Նրա գնահատմամբ՝ նման մոդելը կարող է միաժամանակ լուծել երկու խնդիր՝ պահպանել Արցախյան մշակութային կառույցը և նպաստել Հայաստանի մարզերի մշակութային կյանքի աշխուժացմանը։

Այս մոտեցման դեպքում արցախյան համույթը չի դիտարկվում միայն որպես տեղահանված կառույց, որը պետք է պահպանել, այլ նաև որպես գործող մշակութային ռեսուրս Հայաստանի մշակութային համակարգի համար։

 Համույթի պահպանությունը ինքնանպատակ չէ

Արցախյան պետական համույթների ներկայիս վիճակը ցույց է տալիս, որ մշակութային ժառանգության պահպանությունը չի կարող սահմանափակվել միայն արխիվների, երգերի, պարերի կամ այլ արժեքների գրանցմամբ։

Պետք է պահպանվեն նաև այն մարդիկ, ովքեր այդ ժառանգությունը կրում են։

Պետք է լինեն փորձատեղիներ, աշխատելու հնարավորություն, գործիքներ, բեմ, ֆինանսավորում և նոր սերնդի ներգրավման մեխանիզմներ։

Ապրես Մարգարյանի ձևակերպմամբ՝ պետությունից ակնկալիքը ոչ թե առանձին և կարճաժամկետ միջոցառումների իրականացումն է, այլ երկարաժամկետ, հստակ և ինստիտուցիոնալ քաղաքականության ձևավորումը։

Այդ քաղաքականության հնարավոր տարբերակներից են համույթների ներառումը Հայաստանի գործող մշակութային կազմակերպությունների կազմում, դրամաշնորհային մեխանիզմների կիրառումը, մարզերում նրանց գործունեության կազմակերպումը և արդեն իսկ ընդունված ռազմավարական ծրագրերի իրականացումը։

Վերջնական հաշվով՝ հարցը միայն այն մասին չէ, թե քանի համույթ է այսօր ելույթ ունենում Հայաստանում։

Հարցն այն է՝ արդյոք այդ համույթները կարող են ապրել որպես մշակութային ինստիտուտներ, թե նրանց գործունեությունը աստիճանաբար վերածվելու է առանձին միջոցառումների և ժամանակավոր նախաձեռնությունների։

Որովհետև մշակութային ժառանգությունը միայն անցյալի մասին չէ։ Այն նաև այն մասին է, թե այսօր կա՞ մարդ, ով կարող է երգել այդ երգը, նվագել այդ երաժշտությունը, պարել այդ պարը և սովորեցնել այն հաջորդ սերնդին։

Եվ հենց այստեղ է Արցախի պետական համույթների պահպանման խնդրի ամենակարևոր հարցը՝ ոչ միայն պահպանել այն, ինչ մնացել է, այլ ապահովել, որ այդ մշակույթը շարունակի ապրել։

 

Հոդվածը պատրաստելիս՝ հարցում ենք ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Պատասխանը դեռևս չենք ստացել։

 

Իրինա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարներում՝ «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթը և «Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը

 

Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել