Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջական խնդիրներով զորակոչից մինչև զինվորական ծառայության համար ոչ պիտանիություն․ ՀՔԱՎ-ի աջակցությամբ վերականգնվել է զորակոչիկի խախտված իրավունքը

Հոկտեմբեր 06,2026 19:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ էր դիմել 2023 թվականի ամառային զորակոչի ենթակա Հ․Կ․-ը։ Զորակոչիկն ուներ մի շարք լուրջ առողջական խնդիրներ, այդ թվում՝ ողնաշարի կիֆոզ, հարթաթաթություն, ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացում, վերին վերջույթների անոթային խնդիրներ (անգիոտրոֆոնևրոզ) և քրոնիկ եղնջացան։

Զորակոչային հետազոտությունների հենց սկզբից՝ 2023 թ.-ից, արձանագրվել են զորակոչիկի մի շարք իրավունքների խախտման դեպքեր։ Մասնավորապես, զորակոչիկը ոչ բոլոր առողջական խնդիրների կապակցությամբ է ուղեգրվել հետազոտությունների։

Բացի այդ, զորակոչիկի սեփական միջոցներով իրականացված առողջական վիճակի հետազոտությունների արդյունքում տրված ախտորոշումները տարբերվել են զորակոչի շրջանակներում իրականացված առողջական վիճակի զննության արդյունքներից, և վերջինիս ցուցվել է վիրահատություն ստորին վերջույթների վարիկոզի կապակցությամբ։ Մինչդեռ, զորակոչի շրջանակներում Հ․Կ․-ի ստորին վերջույթների հետազոտության արդյունքում զորակոչիկին չի առաջարկվել վիրահատություն, այն դեպքում, երբ զինվորական ծառայությանը զորակոչիկի պիտանիության մասին որոշում կայացնելիս զորակոչիկը պետք է ուղեգրվեր ստուգիչ հետազոտության՝ պարզելու, թե արդյոք նա ենթակա է վիրահատական բուժման, թե ոչ։

Զորակոչիկի մեկ այլ՝ գլխուղեղի և նյարդային համակարգի խնդիրը ուշագնացության ձևով դրսևորվել է զինծառայությանը պիտանիության մասին որոշումից հետո։ Փաստացի, զորակոչիկի մոտ արձանագրված լուրջ խնդիրը մնացել է չբացահայտված, ինչի հիման վրա զորակոչիկը հետագայում չի ուղեգրվել համապատասխան բժշկական հետազոտությունների։

Այսպիսով, առողջական վիճակի թերի և ոչ օբյեկտիվ հետազոտությունների արդյունքում կայացված որոշման հետ անհամաձայնություն հայտնելով՝ զորակոչիկը հրաժարվել է զինվորական ծառայության զորակոչվելուց, ինչի հիմքով հարուցվել է քրեական գործ։

Հետագայում, 2025 թ․ զորակոչի շրջանակներում իրականացված առողջական վիճակի հետազոտությունների արդյունքում կրկին արձանագրվել են մի շարք անհամապատասխանություններ։

Մասնավորապես, նախկինում արձանագրված «քրոնիկ եղնջացան» ախտորոշումից հետո զորակոչիկի առողջական վիճակում առանց որևէ դրական փոփոխության, ավելին՝ ալերգիկ դրսևորումներն առավել սրված պայմաններում, «քրոնիկ եղնջացան» ախտորոշումը փոխարինվել է «թույլ արտահայտված եղնջացան»՝ հիմք հանդիսանալով կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանիության վերաբերյալ որոշման կայացման։

Կազմակերպությունը պաշտպանական գերատեսչության զինկոմիսարիատին ուղղված դիմումում պահանջ է ներկայացրել զորակոչիկին պատշաճ բժշկական հետազոտությունների ենթարկելու և զինծառայությանը պիտանիության վերաբերյալ օբյեկտիվ որոշում կայացնելու հարցով։

Ստուգիչ հետազոտությունների արդյունքում զորակոչիկը 2024 թ․, հետագայում նաև 2025 թ․ ամառային զորակոչերի շրջանակներում ստացել է տարկետում զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով։

2026 թ․ ամառային զորակոչին Հ․Կ․-ն ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար մի շարք առողջական խնդիրների առկայության պատճառով՝ հաշվի առնելով նախկինում երեք անգամ տրամադրված տարկետումները։

Այս դեպքը կրկին վկայում է զորակոչի շրջանակներում զորակոչային հանձնաժողովների կողմից անձի իրական առողջական գնահատման բացերի մասին։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ստանձնելով Հ․Կ․-ի խախտված իրավունքների պաշտպանությունը, պահանջելով զորակոչիկի առողջական վիճակի պատշաճ, ամբողջական և օբյեկտիվ հետազոտություն, կարողացել է կանխել զորակոչիկի նկատմամբ ոչ իրավաչափ որոշման կայացումը։ Այդ կերպ պաշտպանվել է նաև առողջության պահպանման իրավունքը, քանի որ նման առողջական խնդիրների պայմաններում անձին զինվորական ծառայության զորակոչելը կարող էր ստեղծել նրա առողջության վատթարացման վտանգ։

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել