Լրահոս
Օրվա լրահոսը

Մարագոս. Ուղեղային կենտրոնները կարևոր դեր ունեն. որևէ վարչակազմ չի կարող միայնակ ապահովել քաղաքականության նպատակների իրագործումը

Հոկտեմբեր 07,2026 16:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 1-ին և 2-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ներկա է գտնվել «Նոր հնարավորություն Հայաստանի համար․ արտաքին քաղաքականություն, բարեփոխումներ և դիմակայունություն» խորագրով երկօրյա աշխատաժողովին և մասնակցել է «2026–2030 թթ. արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» թեմայով պանելային քննարկմանը։

Աշխատաժողովն անցկացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կամրջելով գիտելիքներն ու քաղաքականությունը․ հայկական ուղեղային կենտրոնների հզորացում ԵՄ ներգրավվածության և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար» ծրագրի շրջանակում, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի ուղեղային կենտրոնների և քաղաքականություն մշակողների միջև համագործակցությունն ու երկխոսությունը։

«Ուղեղային կենտրոնները քաղաքականության մշակման գործընթացում կարևոր դեր ունեն․ որևէ վարչակազմ չի կարող միայնակ ապահովել քաղաքականության նպատակների իրագործումը։ Բովանդակալից փոխգործակցությունն ու երկխոսությունն առանցքային նշանակություն ունեն»,– ընդգծել է դեսպան Մարագոսը։

Երկօրյա աշխատաժողովը համախմբել էր քաղաքականություն մշակողներին, ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներին և փորձագետներին՝ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, դիվերսիֆիկացման և կապակցվածության հնարավորությունների, վիզաների ազատականացման, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության (FIMI) դեմ պայքարի, մարդու իրավունքների, հանրային կառավարման բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ–Հայաստան գործընկերությանն աջակցող այլ ուղղությունների շուրջ տեսակետներ փոխանակելու նպատակով։

Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանի ուղեղային կենտրոնների համայնքին և փաստերի ու հետազոտությունների վրա հիմնված քաղաքականության մշակմանը՝ ամրապնդելով փորձագիտական գիտելիքի, հետազոտության և հանրային քաղաքականության միջև կապը։

ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել