Նախօրեին Ազգային ժողովում քպական 49 տոկոսանոց «մեծամասնությունը» խորհրդարանում հերթական անգամ սադրեց քաշքշուկ ու ձեռնամարտ ընդդիմադիրների հետ:
Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց ձևավորած արհեստական օրակարգն էին բերել ԱԺ՝ Հայ առաքելական եկեղեցու վրա իրենց հարձակմանն ինչ-որ օրինականության տեսք հաղորդելու նպատակով ինչ-որ «քննիչ հանձնաժողով» ձևավորելու մասին օրինագծի տեսքով: Ընդդիմությունն, ի դեպ, խելամիտ վարվեց՝ արհամարհանքի ենթարկելով այդ «հանձնաժողովը» և հրաժարվելով նշված ֆարսին մասնակցելուց: Ավելին, ԱԺ նիստի մեկնարկից ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները շատ ավելի իրական և շատերին հուզող օրակարգով էին եկել դահլիճ: Այդ օրակարգի կետերից մեկը ԱԺ պատգամավորներին հերթական անգամ պարգևավճարելու հարցն է, մյուսը, որ շատ ավելի հնչեղ է, ադրբեջանական բանակի զինված ներկայացուցչի ներթափանցումն է ՀՀ տարածք, որը, դատելով առկա տեղեկություններից, բացի կրակոցները, նաև միառժամանակ պատանդ է վերցրել երեխաներին, ապա փորձել է կրակելով սպանել հայ կնոջը: Ակնհայտ է, որ մեծ ողբերգություն կարող էր լինել, եթե Շաքիի բնակչուհին ձեռքի տակ եղած առարկաներով ու դանակով չդիմեր ինքնապաշտպանության՝ իր զավակներին փրկելու համար:
Եվ ահա, փաշինյանական իշխանությունը, որ իմացել է ադրբեջանցի սահմանահատի մասին, բայց մի քանի օր շարունակ չի կարողացել իր բոլոր ռեպրեսիվ մարմիններով գտնել ու վնասազերծել զինված ու վտանգավոր թշնամուն, ամեն գնով փորձում է լղոզել այս թեման: Պատահական չէ, որ ՔՊ-ի քարոզչական սազանդարներն արդեն քանի օր է, ինչ լծվել են «խեղճ, մոլորված ադրբեջանական զինվորին» պաշտպանելուն: Ավելին, Փաշինյանը վերջին հարցազրույցում գրեթե ուղիղ կերպով նման տպավորություն թողնող արտահայտություններ արեց:
Եվ ահա, Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն կերպ ուզում են ուշադրությունը շեղել այս թեմայից: Տեսեք, արդեն քանի օր է անցել կատարվածից, բայց ՀՀ իշխանություն համարվողներից չի լսվել որևէ խելամիտ բացատրություն, թե ինչպես ու ինչու է նման բան հնարավոր եղել: Փոխարենը՝ ամեն կերպ փորձում են մեղմել կատարվածը կամ ընդհանրապես խլացնել դրա վերաբերյալ ոչ միայն ընդդիմադիրների, այլև հանրության հնչեցրած սուր արտահայտությունները:
Ի՞նչ անել: Ապահովել «շեղող տեսարան»: Ինչպես հոլիվուդյան սցենարիստները կասեին՝ «էքշըն է պետք»: Իսկ ՔՊ-ի «ձեռքի տակ», ինչպես նկատեցինք, արդեն մշտական «էքշընի» գործիք է դարձել ԱԺ-ում սադրանք հրահրելը, ապա քաշքշուկ սարքելը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։



















































