ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ-ում հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե ինչ են խոսել ԱՄՆ գործերի հավատարմատարի հետ. «Խոսեցինք բավական երկար, մեր տեսակետը ներկայացրինք դատական համակարգի հետ կապված, նաեւ ընտրությունների արդյունքների, խախտումների եւ մեծ հաշվով, բոլոր այն խնդիրների մասով, որոնց վերաբերյալ հրապարակային արտահայտվում ենք: Խոսել ենք ԹՐԻՓՓ-ից, փորձել ենք մանրամասներ հասկանալ: Շատ բաների հետ կապված, սակայն, չեմ կարող մանրամասներ հայտնել»:
Կարդացեք նաև
Լեւոն Քոչարյանը կրկնեց, որ հիմնական թեմաներից էին՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ ԹՐԻՓՓ-ը: Նա մանրամասներ չհայտնեց, ասաց, որ հանդիպումը փակ էր, չի կարող ամեն բան հրապարակայնացնել: Հավելեց, որ ներկայացրել են օրենքի գերակայության խախտումները, իրավապահ, դատական համակարգի խնդիրները: «Կարեւոր էր, որ մեր արեւմտյան գործընկերներն այս ամենն ուշադրության կենտրոնում պահեն, փորձեն ինչ-որ գործողություններ անել, որ արել են ավանդաբար»,-ասաց Լեւոն Քոչարյանը:
Անդրադարձավ նաեւ ընտրությունների թեմային եւ ԵԽԽՎ զեկույցին. «Ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք արձանագրվել են զեկույցում, այն, ինչի մասին շարունակաբար խոսել ենք, ինչը հերքվել է իշխանությունների կողմից, բայց տեղ է գտել զեկույցում»: Նա ընդգծեց, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ անդրադարձել են ժողովրդավարական ինստիտուտների քայքայմանը եւ եկեղեցու դեմ արշավին, Բաքվում պահվող գերիներին, ադրբեջանական ներխուժումներին, ներկայացրել իրենց մոտեցումները:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա հավելեց. «Ցավոք սրտի, այսօր ժողովրդավարության հետ կապված խախտումներին, դրանց մասին խոսելուն աշխարհաքաղաքական եւ գլոբալ հակամարտության կոնտեքստում է ուշադրություն դարձվում կամ ոչ: Այո, մենք շարունակաբար հանդիպում ենք մեր օտարերկրյա գործընկերների հետ, եւ չնայած նրան, որ չկան այն հրապարակային արձագանքները, որոնք նախկինում ավանդաբար եղել են, միեւնույն է, պետք է փորձենք տեղ հասցնել դիվանագիտական խողովակներով: Ես ամեն դեպքում հույս ունեմ, որ եթե ոչ հրապարակային, գոնե ուրիշ եղանակներով այս խնդիրների մասին իշխանությունների հետ առիթ կունենան այն դեսպանատների ներկայացուցիչները խոսելու, որոնց հետ հանդիպել ենք եւ հանդիպելու ենք: Շատ դժվար է պատկերացնել, որ որեւէ եվրոպական, արեւմտյան երկիր, ժողովրդավարության սկզբունքներով գործող եւ ապրող որեւէ երկրի ներկայացուցիչ կարող է նորմալ համարել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որոնք արվում են երկրի թիվ 1 ամբիոնից, մասնավորապես՝ նստեցնել, բռնել, կոշիկ հանել եւ այլն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































